Երեւանի մի շարք ժամանցի կենտրոններում, մասնավորապես` կարաոկեներում, ակումբներում, դիսկոտեկներում տղաների մուտքը վճարովի է, իսկ աղջիկներինը` անվճար: NEWS.am-ը զանգահարեց մի շարք կենտրոններ` փորձելով ստանալ մեկնաբանություն, թե ինչով է պայմանավորված այդպիսի «սեռային խտրականությունը»: Արդյունքում` ոչ մի կոնկրետ հիմնավորում չստացանք:
Աշխատակիցներն իրենք էլ խոստովանում էին, որ ամենուր այդպես է եւ երբեք հարց չի առաջացել, թե ինչու է այդպես: Թերեւս ամեն մեկը մի պատճառաբանություն էր մեջբերում` աղջիկների նկատմամբ հարգանք, առավելություն, որ միայն տղաները չգան, իրենց լպիրշ չպահեն, կռիվ չանեն, աղջիկների հետ լինեն, որ իրենց նորմալ պահեն եւ այլն: Օրինակ` «96» կարաոկեի մենեջերը նշեց, որ իրենց մոտ տղաների մուտքը 1500 դրամ է, աղջիկներինն` անվճար, իսկ տոն օրերին, օրինակ` մարտի 8, ապրիլի 7, երկուսի մուտքն էլ վճարովի է լինում եւ համեմատաբար ավելի թանկ: Նա չգիտեր, թե ինչով է պայմանավորված այդպիսի «խտրականությունը»` հավելելով, որ «երեւի տղաները վճարելով իրենց մուտքի համար ավելի զգոն են լինում»:
«Աղջիկներն ինչ-որ առումով պետք է առավելություն ունենան»,- նշեց իգական սեռի ներկայացուցիչ մենեջերը:
«7 նոտա» կարաոկեից հայտնեցին, որ իրենց մոտ տղաների մուտքը 1000 դրամ է, աղջիկներինն` անվճար: Կարաոկեից NEWS.am-ին փոխանցեցին, որ պետք է անպայման զույգերով գան, բայց եթե միայն աղջիկներ են գալիս, գումար չեն վճարում, իսկ միայն տղաներին թողնում են ներս մտնել, եթե մշտական հաճախորդ են, ճանաչում են ու գիտեն, որ իրենց նորմալ կպահեն. «Հարգանքն է աղջիկների նկատմամբ, հպարտացեք, որ աղջիկ եք»,-ասաց աշխատակիցը:
«Մամա միա» կարաոկեում եւս տղաների մուտքը 1000 դրամ է, իսկ աղջիկներինն` անվճար: Մենեջերը նշեց, որ այդպես ղեկավարությունն է որոշել եւ բոլոր տեղերում էլ տղաների մուտքը վճարովի է: «Եթե համընդհանուր է, ապա ինչ-որ մի տրամաբանություն կա»,- նշեց աշխատակիցը: Եթե նախկինում «Կոլիզեյ» ակումբում տղաների մուտքը 4000 դրամ էր, իսկ աղջիկներինն` անվճար, ապա այժմ տղաների մուտքը 4000 դրամ է, իսկ աղջիկներինը` 2000 դրամ` պայմանավորված շոու ծրագրով: Ակումբի տնօրենը դա բացատրեց այն հանգամանքով, որ այդպես են վարվել, որպեսզի միայն տղաներ չգան:
Ժամանցի կենտրոններ տղաների մուտքի վճարովի լինելը, անշուշտ, դուր չի գալիս արական սեռի ներկայացուցիչներին: Օրինակ` երթուղայինում խոսակցության ականատես եղա, երբ մի խումբ տղաններ քննարկում էին եւ փորձում տրամաբանություն գտնել, թե ինչու պետք է իրենց մուտքը ժամանցի կենտրոններ վճարովի լինի, ինչու ամեն տեղ աղջիկները առավելություն պետք է ունենան եւ այլն: Իսկ աղջիկների կարծիքն ակնհայտ է. այդ ո՞վ կցանկանար լրացուցիչ վճարեր զուտ նրա համար, որ տղա է կամ աղջիկ:
Հարց է առաջանում` որ օրենքով, կամ ինչպես է կարգավորվում այս խնդիրը, արդոյք սա կարելի է համարել սեռային խտրականություն եւ Սահմանադրության դրույթների խախտում: Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դա ամենեւին էլ սեռային խտրականություն չէ, ոչ էլ հակասում է Սահմանադրությանը: Նրա խոսքով` սպառողների իրավունքների ոլորտում տնտեսվարող սուբյեկտն ինքն է որոշում գնային քաղաքականությունը եւ խթանման մեխանիզմները: «Դրանք տնտեսվարողների կողմից իրենց ծառայությունների նկատմամբ սպառողների մոտ հետաքրքրությունը խթանող մեխանիզմներ են, ինչպես օրինակ` զեղչային քաղաքականությունը: Այստեղ խնդիրը այնպիսի մեխանիզմների մշակումն է, որոնք միտված են խթանելու տնտեսվարող սուբյեկտի կողմից առաջարկվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների գրավչությունը»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը` հավելելով, որ այս պարագայում նկատի են ունեցել մի շարք առանձնահատկություններ` մենթալիտետը կամ հոգեկերտվածքը, պոտենցիալ սպառողները եւ այլն:
«Նույն ոլորտում գործունեություն իրականացնող սուբյեկտների հետագա աշխատանքի ընթացքում առաջ է գալիս եւս մեկ գործոն` չառաջարկել ավելի վատ պայմաններ, քան արդեն դաշտում գործում են: Եւ հետո, չպետք է մոռանանք, որ դրանք շահույթ ստանալու նպատակ հետապնդող ընկերություններ են, եւ երկուսով անվճար մտնելու դեպքում նրանք, հնարավոր է, օգուտ չունենան»,-նշեց դասախոսը:
Նկատենք, որ եթե ժամանցի վայրերի սեփականատերերին մտահոգողն այն է, որ տղաները կարող են կոնֆլիկտների պատճառ դառնալ, ապա այդ խնդիրը կարելի է լուծել, եթե նրանց արգելվի միայնակ, առանց աղջկա կամ աղջիկների այցելել ակումբներ, սակայն փոքր ինչ անհասկանալի է, երբ մուտքի համար տղաներից գումար է գանձվում, իսկ աղջիկներից` ոչ: Ստացվում է, որ ակումբ այցելող տղան վճարում է ոչ միայն իր ընկերուհու համար, այլ նաեւ բոլոր այն անծանոթ աղջիկների, ովքեր եկել են առանց տղայի ընկերակցության:
Պատրաստեց Ինգա Մարտինյանը




























