Սաստիկ շոգ օրերը խաթարել են բնականոն կյանքը Պակիստանում, հատկապես դրա ամենամեծ քաղաքում՝ Կարաչիում, որտեղ բժիշկները տարբեր հիվանդանոցներում օգնություն էին տրամադրում ջերմային հարվածից տուժած հազարավոր մարդկանց, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով առողջապահական պաշտոնյաներին:

Մի քանի մարդ կորցրել է գիտակցությունը քաղաքում, իսկ մի քանիսն ավելի ուշ մահացել են, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: Երեքշաբթի Սինդ նահանգում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 47 աստիճան Ցելսիուս։

Նահանգի մայրաքաղաք Կարաչիի իշխանությունները կոչ են անում մարդկանց մնալ տանը, ջուր խմել և խուսափել անհարկի ճանապարհորդություններից: Ըստ կանխատեսողների՝ մայիսին սկսված շոգը հաջորդ շաբաթ կթուլանա։

Կարաչիում մի քանի օր տևած շոգի հետևանքով զոհվել է ավելի քան երկու տասնյակ մարդ, հաղորդում են տեղական լրատվամիջոցները, սակայն կառավարության ոչ մի պաշտոնյա չի կարող հաստատել ջերմային հարվածի զոհերի թիվը:

Երեքշաբթի օրը Edhi հիմնադրամի ղեկավար Ֆայսալ Էդհին, որը ղեկավարում է երկրի ամենամեծ շտապօգնության ծառայությունը, ասաց, որ նախորդ օրը Կարաչի են բերվել ջերմային հարվածներից տուժածների տասնյակ դիեր: