Լիտվայի պաշտպանության պետական խորհուրդը նախագահ Գիտանաս Նաուսեդայի հրավիրած նիստում հավանություն է տվել երկու նոր զորադաշտերի ստեղծմանը ՌԴ սահմանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի խորհրդական Կեստուտիս Բուդրիսը։
«Պետխորհրդի անդամները համաձայնել են երկու նոր ոչ մեծ զորադաշտի կառուցմանը Տաուրագի եւ Շիլալի շրջաններում»,- ասել է նա։
Երկու շրջանները գտնվում են Լիտվայի արեւմուտքում, ՌԴ Կալինինգրադի մարզին մոտ։ «Զորադաշտերի համար նախատեսված տարածքները չափով հարմար են վաշտի մակարդակով մանեւրների համար»,- նշել է խորհրդականը։
Պետխորհրդի նիստ անհրաժեշտության դեպքում հրավիրում է հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ Լիտվայի նախագահը։ Պետության ղեկավարը նախագահում է նիստերում։ Նրանից բացի՝ կառույցի մեջ մտնում են վարչապետը, Սեյմի (խորհրդարան) խոսնակը եւ բանակի հրամանատարը։ Նրանք մշտական անդամներն են։ Մասնակցության համար, որպես կանոն, հրավիրվում են խորհրդարանի ազգային անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի նախագահը, պետական անվտանգության դեպարտամենտի տնօրենը եւ ՆԳՆ ղեկավարը։





























