Հունաստանը բացել է ավելի քան 1100 արտեֆակտների ցուցահանդես՝ արձաններից և սեղանի խաղերից մինչև մանկական խաղալիքներ, որոնք պեղումների ժամանակ հայտնաբերվել են հին աթենական թաղամասում՝ Ակրոպոլիսի տարածքում, հայտնել է Reuters-ը։

Ակրոպոլիսի բլրի ստորոտում Պարթենոնի տաճարի տեղում հայտնաբերված առարկաները,  վերականգնվել են և դարձել այն, ինչ Հունաստանն անվանում է «թանգարան թանգարանի տակ»։ Ցուցահանդեսն այցելուների համար հասանելի կլինի հուլիսի 26-ից:

Թաղամասի մնացորդները, որի բարձունքում կառուցվել է Ակրոպոլիսի թանգարանը, վերստեղծում են փողոցների համալիր, ընդարձակ սենյակներով և բակերով տներ, բաղնիքներ և արհեստանոցներ, որոնք այցելուներին հասանելի են 2019 թվականից։

14 հազար քառակուսի մետր տարածք ունեցող Ակրոպոլիսի թանգարան ամեն տարի ավելի քան 1,5 միլիոն մարդ է այցելում:

Պարթենոնի տաճարից 160 մետրանոց ֆրիզի մոտ կեսը Բրիտանական թանգարանում է, իսկ փորագրության 50 մետրը՝ Աթենքի թանգարանում: Հունաստանը Բրիտանական թանգարանին բազմիցս կոչ է արել մեկընդմիշտ վերադարձնել 2500 տարվա վաղեմության քանդակները, որոնք բրիտանացի դիվանագետ Լորդ Էլգինը 1806 թվականին հանել է տաճարից, երբ Հունաստանը գտնվում էր օսմանյան տիրապետության տակ: Հունաստանի մշակույթի նախարար Լինա Մենդոնին նշել է, որ նոր թանգարանը Պարթենոնն ամբողջությամբ պահելու համար իդեալական վայր է։