Նախնական տվյալներով՝ Կոմիում Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի վագոնների ռելսերից դուրս գալու հետևանքով զոհեր չկան, հայտնել է ռուսական ТАСС գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ տրանսպորտի հարցերով հետաքննչական կոմիտեի Արևմտյան միջտարածաշրջանային քննչական վարչությանը։
«2024 թվականի հունիսի 26-ի երեկոյան հաղորդագրություն է ստացվել, որ Վորկուտա-Նովոռոսիյսկ մեկնող մարդատար գնացքի 9 վագոն Կոմի Հանրապետության Ինտա-Ուգոլնի հատվածում դուրս է եկել ռելսերից։ Նախապես պարզվել է, որ զոհեր չկան, տուժածների մասին տեղեկությունը ճշտվում է»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի ուշ օպերատիվ ծառայությունները հայտնել են, որ արտակարգ իրավիճակի հետևանքով վիրավորվել է 10 մարդ։
Ըստ «Ռուսական երկաթուղիներ»-ի՝ Կոմիում գնացքի վագոնների ռելսերից դուրս գալու նախնական պատճառը հորդառատ անձրևների հետևանքով երթուղու խարխլումն էր։
ՌԴ Քննչական կոմիտեն Կոմիում մարդատար գնացքների վագոնների գծերից դուրս գալու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել։





























