Այսօր աշխարհը պայքարում է կանանց նկատմամբ բռնության դեմ:  1999թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարել է կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր:

«Ռոսբալտ»-ը տեղեկացնում է, որ դրա պատմական հիմքը 1961թ. Դոմինիկյան Հանրապետությունում կատարված դեպքն է, երբ դոմինիկյան բռնապետ Ռաֆայել Տրուխիլիոյի հրամանով գազանաբար սպանվել են քաղաքական ակտիվիստ երեք Միրաբալ քույրերը:

Կանանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունների դեմ պայքարի խորհրդանիշը ճերմակ ժապավենն է:
«Կանանց նկատմամբ բռնությունն անասելի տառապանքներ, վիշտ է պատճառում ընտանիքներին, որից տառապում են ե'ւ ծերերը, ե'ւ երիտասարդները, այն հանգեցնում է աղքատության: Կանայք զրկվում են իրենց պոտենցիալն օգտագործելու հնարավորությունից, ինչը սահմանափակում է տնտեսական աճը եւ խոչընդոտում զարգացմանը», - ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ելույթում:

ՄԱԿ-ը կառավարություններին, միջազգային կազմակերպություններին եւ ՀԿ-ներին կոչ է արել նոյեմբերի 25-ին միջոցառումներ անցկացնել` հանրության ուշադրությունն այս խնդրի վրա հրավիրելու նպատակով:

Հիշեցնենք, որ Հայաստանում եւս միջոցառումներ են նախատեսված: Նոյեմբերի 25-ին Կանանց իրավունքների կենտրոնը Երեւանում «Ամոթի պատ» անվանմամբ ակցիա է անցկացնում: Ակցիայի ընթացքում Հյուսիսային պողոտայում (Աբովյան փողոցի կողմից) նկար կցուցադրվի, որի վրա պատկերված են վիճող կին եւ տղամարդ, իսկ վեճի ականատեսը նրանց երեխան է: Անցորդները հնարավորություն կունենան նկարի վրա մեկնաբանություններ թողնելու: