CNN լրատվական ընկերությունը կկրճատի մոտ 100 աշխատատեղ նորությունների թիմերը համախմբելու և իր թվային բիզնեսն ամրապնդելու ծրագրի մի մասի շրջանակում, ասվում է Reuters-ի՝ չորեքշաբթի տարածած հաղորդագրության մեջ:

CNN-ը կհամախմբի  նորությունների հավաքագրման և թվային նորությունների թիմերը, կներդնի տեսանյութերի արտադրությունում և կգործարկի վճարովի նորությունների թողարկումներ,  աշխատակիցներին  ուղարկած գրություններում նշել է CNN Worldwide-ի գործադիր տնօրեն Մարկ Թոմփսոնը։

«Մենք կառուցում ենք ապագայի միլիարդ դոլար արժողությամբ թվային բիզնեսը», - նշել է ընկերության գործադիր տնօրենը:

Թոմփսոնը, New York Times-ի և BBC-ի նախկին ղեկավարը, որն անցած տարվա հոկտեմբերին ստանձնել է CNN-ի գլխավոր տնօրենի պաշտոնը, ջանում է կարգավորել ցանցի աշխատանքը և ավելացնել վաճառքները՝  դիտումների նվազմանը հակազդելու համար:

Մինչև այս տարվա վերջ CNN-ը կթողարկի CNN.com-ի համար առանձին բաժանորդային արտադրանք, որը առաջինն է ծրագրված բաժանորդագրությունների առաջարկների շարքից, այդ թվում նվիրված ապրելակերպի և թեմատիկ կոնտենտին:

Ընկերությունը կստեղծի TV Future Lab ստորաբաժանում, որը նյութեր կարտադրի Max հոսքային հարթակի համար և կփաթեթավորի CNN-ի հեռուստատեսային արտադրանքն իր թվային ալիքների համար: CNN-ը, որը պատկանում է Warner Bros Discovery-ին, անցյալ տարի սկսեց այդ կոնտենտի հեռարձակումը Max-ում:

Թոմփսոնը նաև մանրամասնել է CNN-ի խմբագրական աշխատանքային գործընթացի  որոշ փոփոխություններ, ներառյալ կենտրոնացված պլանավորումը  և կոնտենտի մատուցումըտ, ինչպես նաև «պատմությունների մենեջերի» նոր դերը, որը կկառավարի լրատվական կոնտենտի բոլոր ասպեկտները՝ սկզբից մինչև հրապարակում կամ հեռարձակում:

Աշխատանքային գրությունում նաեւ նշվում է, որ Թոմփսոնն այդ ծրագիրը կքննարկի աշխատակիցների հետ չորեքշաբթի  կայանալիք ընդհանուր ժողովում: