Երեւանի քաղաքապետարանի 161 նախակրթարաններից՝ ջեռուցման խնդիր ունեցող վերջին 12-ում եւս գազով լոկալ ջեռուցման կաթսայատներ են կառուցվել, որոնց շահագործումը կմեկնարկի մինչեւ դեկտեմբերի 1-ըը: Այսօր` նոյեմբերի 25-ին, քաղաքապետարանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

«Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզների՝ 2011 թվականի համար նախատեսված բոլոր ընթացիկ ու բարեփոխումային ծրագրերն իրականացված են», - նշել է Գայանե Սողոմոնյանը:

Նա, որպես մանկապարտեզների՝ 2011-ի ամենախոշոր բարեփոխում է գնահատել ապրիլի 1-ից Երեւանի համայնքային ենթակայության մանկապարտեզներն անվճար դարձնելու որոշումը, ընդգծելով, որ մինչ բարեփոխումը մանկապարտեզներ հաճախելիությունը եղել է 25.000 երեխա, իսկ այսօր արդեն 29.000 նախադպրոցականներ են հաճախում մանկապարտեզներ, 6000-ն էլ հերթագրված են: 2012-ի բյուջեով  արդեն նախատեսված է ֆինանսավորում՝ հաջորդ տարի եւս նախակրթարանները անվճար գործելու համար:

«Քաղաքապետի հանձնարարությամբ այս շաբաթ բազմաթիվ շրջայցեր ենք կատարել նախակրթարաններ՝ ջեռուցման պայմաններին, ջեռուցման համակարգերի կառուցման ընթացիկ աշխատանքներին, երեխաների սննդակարգին ու պահպանվող նորմերին տեղում ծանոթանալու համար: Բոլոր դիտարկումները զեկուցվել են քաղաքապետին, ում կողմից առավելագույն հետեւողական լինելու խիստ հանձնարարականներ են տրվել»,- ասել է Գայանե Սողոմոնյանը: Խստացվել է նաեւ մանկապարտեզներ մատակարարվող սննդի վերահսկողությունը. քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում առաջարկվում է ծնողներին մասնակից լինել սննդի որակի ստուգմանը եւ հանձնմանը խոհանոց: Գայանե Սողոմոնյանը նշել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ՝ առավել անաչառ հսկողության նպատակով, պետք է հետեւողական լինել, որ վերահսկող խմբերը հաճախակի փոփոխվեն: