Նեպալական Saurya Airlines ավիաընկերության ինքնաթիռը կործանվել է Կատմանդուի Տրիբհուվան միջազգային օդանավակայանում՝ թռիչքի պահին, հայտնել է Kathmandu Post-ը։

«Պոկհարա մեկնող ինքնաթիռում տասնինը մարդ կար, ներառյալ՝ անձնակազմը։ Ողբերգությունը  պատահել է առավոտյան ժամը 11-ի սահմաններում», - ասել է օդանավակայանի խոսնակ Պրեմնաթհ Թհակուրը:

Վթարը տեղի է ունեցել Նեպալի զբոսաշրջային մայրաքաղաք համարվող երկրի երկրորդ ամենախիտ բնակեցված Պոկհարա քաղաք մեկնելիս։

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներ են իրականացնում ոստիկաններն ու հրշեջները։ Ուղևորների և անձնակազմի վիճակի մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։

Կատմանդուում տեղակայված Saurya Airlines-ը թռչում է Նեպալի 5 ուղղություններով և շահագործում է Bombardier CRJ 200 ինքնաթիռները: