ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հուլիսի 27-ին Վիենտյանում (Լաոս) ASEAN-ի վերաբերյալ նախարարական հանդիպումների շրջանակում հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։ Դրա մասին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Կողմերը երկկողմ, տարածաշրջանային և գլոբալ առանցքային հարցերի շուրջ բաց և արդյունավետ քննարկումներ են անցկացրել։

«Պետքարտուղար Բլինքենը մրցակցությունը պատասխանատու կերպով կառավարելու, տարաձայնություններն անկեղծորեն քննարկելու և համագործակցության ոլորտներում առաջընթաց գրանցելու համար՝ հանուն ամերիկյան ժողովրդի և աշխարհի, ընդգծել է դիվանագիտությունը կիրառելու կարևորությունը:

Նա պնդել է Վուդսայդի գագաթնաժողովում առաջնորդների ստանձնած պարտավորությունների կատարման շարունակությունը՝ նշելով ՉԺՀ-ի վերջին քայլերը՝ թմրամիջոցների դեմ պայքարում համագործակցությունն առաջ մղելու համար՝ կանխելու համար սինթետիկ թմրանյութերի հոսքը Միացյալ Նահանգներ և ամրապնդելու համար ռազմական համագործակցությունը՝ վրիպումները և բախումները կանխելու նպատակով։

Ըստ Միլլերի՝ Բլինքենը կրկնել է, որ ԱՄՆ-ը «կշարունակի ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ՝ պաշտպանելու համար ԱՄՆ շահերն ու արժեքները, ինչպես նաև ԱՄՆ դաշնակիցների ու գործընկերների շահերն ու արժեքները, ներառյալ մարդու իրավունքների ոլորտում»:

«Նա ընդգծել է, որ անարդարացիորեն կալանավորված կամ Չինաստանից ճանապարհորդության արգելքի ենթարկված ԱՄՆ քաղաքացիների գործերի կարգավորումը, մնում է առաջնահերթություն», - ասված է հայտարարության մեջ: