ԱՄՆ նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը քրիստոնյաների հետ հանդիպմանը հայտարարել է, որ այս ընտրություններից հետո նրանք «այլևս ստիպված չեն լինի» քվեարկել՝ հավելելով, որ «ԱՄՆ-ում ամեն ինչ շատ լավ կկարգավորվի»։

Թրամփն ուրբաթ երեկոյան ելույթ է ունեցել 2024 թվականի Հավատացյալների գագաթնաժողովում՝ Ֆլորիդայի Վեսթ Փալմ Բիչ քաղաքի Turning Point Action միջացառման ժամանակ:

«Դուք ստիպված չեք լինի դա անել ևս չորս տարի և գիտեք ինչու: Ամեն ինչ կկարգավորվի, ամեն ինչ լավ կլինի։ Այլևս ստիպված չեք լինի քվեարկել, -ասել է Թրամփը։ -Դուք պետք է դուրս գաք և քվեարկեք։ Չորս տարի հետո այլևս ստիպված չեք լինի քվեարկել։ Մենք ամեն ինչ այնքան լավ կկարգավորենք, որ ստիպված չլինեք քվեարկել»։

Նա նաև պատմել է, որ ընդունել է ՀԴԲ-ի «ներողությունը», երբ բյուրոն հաստատել է, որ այս ամսվա սկզբին մահափորձի ժամանակ իր վրա կրակել են: Հետաքննությունների դաշնային բյուրոն ավելի վաղ հաստատել էր, որ Թրամփը 13 օր առաջ Փենսիլվանիայում անցկացված հանրահավաքի ժամանակ զինված անձի արձակած գնդակից ականջից վիրավորվել է։

«Նախկին նախագահ Թրամփի ականջին գնդակ է խոցվել մահացածի ինքնաձիգից՝  ամբողջական կամ մանր բեկորների մասնատված գնդակով», - ասվում է ՀԴԲ-ի հայտարարության մեջ։