ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահ է, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը դատական հետապնդման նկատմամբ անձեռնմխելիություն չպետք է ունենան։
Բայդենը, ելույթ ունենալով Տեխասում, մեկնաբանել է ԱՄՆ Գերագույն դատարանի հուլիսի 1-ի որոշումը, ըստ որի՝ Թրամփը, ինչպես և մյուս նախկին առաջնորդները, մասնակի անձեռնմխելիություն ունի դատական հետապնդումից։ Դա վերաբերում է միայն ծառայողական պարտականությունների շրջանակում կատարվող գործողություններին։
«Դատարանը վճիռ է ընդունել միայն նախկին նախագահի նկատմամբ։ Մեր պատմության մեջ ոչ մի նախագահ նման քրեական անձեռնմխելիություն չի խնդրել»,- ասել է Բայդենը, հավելելով, որ ոչ մի նախագահ, ոչ մի նախկին նախագահ, ոչ ինքը, ոչ մեկ ուրիշը չպետք է օգտվի նման անձեռնմխելիությունից:
Նախագահը հանդես է եկել ԱՄՆ Գերագույն դատարանի լայնածավալ բարեփոխումների օգտին։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տունը, Բայդենը մտադիր է պետության նախկին ղեկավարներին զրկել քրեական հետապնդման նկատմամբ անձեռնմխելիությունից ։ Բարեփոխումները ենթադրում են ԱՄՆ Սահմանադրության փոփոխության ընդունում։ Նախագահն առաջարկում է նաև Գերագույն դատարանի դատավորների պաշտոնավարման ժամկետը սահմանափակել մինչև 18 տարի և նրանց համար ներդնել էթիկայի կանոնագիրք։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Մայք Ջոնսոնը երկուշաբթի բարեփոխումների առաջարկը մերժել է։





























