Հաիթիի անցումային վարչապետ Հարի Կոնիլի ավտոշարասյունը երկուշաբթի հանցագործների խմբավորումների հարձակմանն է ենթարկվել, երբ նա պատրաստվում էր լքել հանրապետության մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսի հիվանդանոցը, սակայն ինքը՝ Կոնիլը, չի տուժել: Դրա մասին հայտնել է դոմինիկյան Diario Libre պարբերականը, որը հրապարակել է միջադեպի տեսանյութը։

Պարբերականի տվյալներով՝ վարչապետի ավտոշարասյան վրա հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ Կոնիլը մտադիր է եղել հեռանալ Պորտ-օ-Պրենսի պետական ​​համալսարանական հիվանդանոցից, որտեղ չնախատեսված այց էր կատարել։ Ականատեսների վկայությամբ՝ դրսում հնչած կրակոցների պատճառով ոստիկաններն ու լրագրողները որոշ ժամանակ չեն կարողացել դուրս գալ հիվանդանոցի շենքից։ Այնուհետև փողոցում ավազակախմբերը բախվել են Հաիթիի ոստիկանության և քենիացի խաղաղապահների հետ։ Ավտոշարասյունը հեռացել է բախման վայրից, ինքը՝ Կոնիլը, չի տուժել, հայտնել է Dario Libre-ն։ Ամբողջ օրվա ընթացքում լարված իրավիճակը պահպանվել է, Պորտ-օ-Պրենսի կենտրոնն այժմ վերահսկում են զինված խմբավորումները։

Կոնիլը մայիսի վերջին նշանակվել է անցումային վարչապետ, իսկ հունիսի սկզբին երկրում անցումային կառավարություն է նշանակվել։

Քենիայի խաղաղապահ զորախմբի տեղափոխումը հանրապետություն սկսվեց հունիսի 25-ին, Քենիայից 400 ոստիկաններ ժամանեցին Պորտ-օ-Պրենս։ Նրանք հանցավոր խմբավորումների դեմ գործողություններում աջակցում են երկրի մեծ տարածքները վերահսկող տեղի ոստիկանությանը: