Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ժորա Մկրտչյանը ում զորամասում ծեծի հետեւանքով հոգեխանգարման են հասցրել` շատ հնարավոր է, կրկին շարունակի ծառայությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց Ժորա Մկրտչյանի հայրը` Մկրտիչ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ 19-ամյա Ժորա Մկրտչյանը «Եղնիկներ» զորամաս է զորակոչվել է 2010թ-ի դեկտեմբերի 18-ին Թալինի շրջանի Լուսական գյուղից, իսկ սեպտեմբերի 27-ին սուր փսիխոզ ախտորոշմամբ ԼՂՀ-ից Երեւանի կայազորի զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք է տեղափոխվել: Պատճառն էլ հոր՝ Մկրտիչ Մկրտչյանի պատմելով այն է եղել, որ զինծառայողներից մի քանիսը տղայի զինվորական գրքույկը վերցրել, գցել են զուգարանը եւ տղան ցանկացել է դիմադրել: Արդյունքում հայրը տղային տեսել է անտանելի վիճակում, կապույտ, ձեռքերը ծխախոտով վառած, ականջը լրիվ ցխած, ոտքերը` վերք, կապույտ: Տղան նաեւ սրտից է բողոքում, քանի որ ոտքով միշտ խփել են սրտին: Մկրտիչ Մկրտչյանի փոխանցմամբ, իրեն խոստացել էին, որ Ժորային նոյեմբերի 9-ին դուրս են գրելու, հետո խոստացել են նոյեմբերի 22-ին դուրս գրել, իսկ նոյեմբերի 22-ից հետո խոստումը տեղափոխել մինչեւ Նոր տարի:
«Ժամեր առաջ հետը խոսեցի ասաց. «Պապ ջան, ասել են, որ մինչեւ Նոր տարի տանը կլինեմ»,- ավելացրեց Ժորայի հայրը:
Մկրտիչ Մկրտչյանին ուղղված NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե տղան արդյոք լա՞վ է, նա պատասխանեց. «Արդեն լավ է: Եթե չսրսկեն, եթե էդ նարկոտիկները չլցնեն գլուխը, լավ կլինի: Դե Ժորայի հոգեկանը խանգարվել է, նեղստրտում է, ինքը ազատությանը սովոր երեխա է, բայց ամբողջ օրը փակի տակ են պահում: Ո՞վ լինի, որ չնեղվի»:
NEWS.am-ը դիմեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանին հասկանալու համար, թե ինչո՞ւ տղային դուրս չեն գրում: «Տղան զինծառայության մեջ է գտնվում, հետեւաբար չեն կարող տղային դուրս գրել եւ տանել: Ժորայի նկատմամբ նշանակված է դատահոգեբուժական փորձաքննություն, որի պատասխանը դեռ չի ստացվել: Նա պետք է անցնի նաեւ ռազմաբժշկական փորձաքննություն, որը պետք է որոշի նրա պիտանելիության հարցը հետագա զինծառայության համար: Հետեւաբար` ռազմաբժշկական փորձաքննության արդյունքներից հետո շատ հնարավոր է, որ նա շարունակի իր ծառայությունը: Ավելին` նույնիսկ դատահոգեբանական փորձաքննության արդյունքները դեռ պարզ չեն»:
Հարցին, թե այդ եզրակացությունները ե՞րբ կստացվեն, Մ. Սարգսյանը պատասխանեց, որ հավանաբար, մինչեւ տարեվերջ: Այնինչ` տղային կրկին բանակ զորակոչելու դեպքում հայրը` Մկրտիչ Մկրտչյանը խոստացավ, որ կդիմի բարձր ատյաններին: «Տղայիս խելռցրել, բերել գցել են հիվանդանոց: Եթե էդ երեխան առողջ էր, ինչո՞ւ են բերել հոգեբուժարան: Տղայիս տեսնողի համար դժվար չէ հասկանալ, որ նա էլ էն չի: Ես բանակից չեմ փորձում փախցնել նրան, որ փախցնող լինեի չէի թողնի, որ գնա բանակ»,- դժգոհեց հայրը:
Ավելի վաղ` ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին փոխանցել էր, որ սույն գործով սերժանտ Վաչիկ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր-ի 360 հոդվածի 2-րդ մասով (զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադրյալի կողմից պետի, ինչպես նաեւ պետի կողմից ստորադրյալի նկատմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ): Իսկ շարքայիններ Ալբերտ Առաքելյանին ու Մովսես Բադալյանին ՀՀ Քր.օր-ի 359 հոդվածի 1-ին մասով (զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ոչ թե կալանքը, այլ հրամանտարության հսկողության տակ գտնվելը:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը


























