Անցած գիշեր Հնդկաստանի մայրաքաղաք  Դելիում տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են համատարած ջրհեղեղների քաղաքի տարբեր հատվածներում:

Ըստ India TV-ի՝ մի քանի ժամվա ընթացքում փողոցները վերածվել են գետերի, իսկ երթևեկությունը արգելափակվել է։ Օդերևութաբանական կայանները մայրաքաղաքի որոշ հատվածներում գրանցել են մինչև 147 մմ տեղումներ։

Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը (IMD) որոշել է 24 ժամով եղանակային կարմիր տագնապ հայտարարել Դելիի մայրաքաղաքում (ներառյալ Նյու Դելիում): Բնակիչներին խորհուրդ է տրվում մնալ տանը, ամրացնել պատուհաններն ու դռները և խուսափել անհարկի այցելություններից։ Դելիի կառավարությունը հաշվի առնելով ներկայիս եղանակային պայմանները որոշում է ընդունել հինգշաբթի փակել բոլոր դպրոցները։

Գիշերվա ընթացքում հրշեջներն արձանագրել են քաղաքացիների 10-ից ավելի ահազանգ՝ փլուզված շենքերի և տների պատերի վերաբերյալ։ Ոստիկանությունը հայտնել է, որ մայրաքաղաքի արևելյան թաղամասում ջրահեղձ են եղել 22-ամյա կինն ու նրա երեխան։