Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը վիրավորվել է օգոստոսի 1-ի գիշերը Կիևի արվարձանի՝ քաղաքական գործչի բնակելի շենքի մոտ ռուսական անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով, աղբյուրներին վկայակոչելով՝ հայտնել է ուկրաինական Oboz.ua պարբերականը։
«Շահեդ» անօդաչու թռչող սարքը (ռուսական անվանումը՝ «Герань-2») պայթել է մուտքի դռնից հինգ մետր հեռավորության վրա, և տունը վնասվել է։ Պոնոմարյովը բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Պարբերականը հրապարակել է Իլյա Պոնոմարյովի լուսանկարը՝ դեմքին և կրծքին արյան հետքերով։ Ներկայում Պոնոմարյովն ապահով պաշտպանության տակ է։
Կիևի շրջանի վարչակազմը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից տարածաշրջանում խոցված անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով երկու մարդ է տուժել և հոսպիտալացվել։ Վնասվել է մարզի բնակավայրերից մեկի երկու առանձնատուն, ինչպես նև շենքերի տանիքներ, կտրվել են շենքի ճակատամասերը, կոտրվել են պատուհաններն ու դռները։
Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հրապարակել է Կիևի մարզում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասված բնակելի շենքի լուսանկարները։ Oboz.ua-ն պնդում է, որ նկարները վկայում են Իլյա Պոնոմարևի տան վրա հարձակման մասին։
Իլյա Պոնոմարյովը X սոցիալական ցանցում հայտնել է, որ ողջ է մնացել «հարձակման հինգերորդ փորձից»։ «Այսօր կարծես իմ երկրորդ տարեդարձն է: Հինգերորդ հարձակման փորձն ամենաանսովորն էր և ամենահաջողվածը, որից դժվար էր պաշտպանվել»,-հավելել է Պոնոմարյովը։ Լուրը հրապարակելու պահին նա այլ մանրամասներ չի հայտնել։





























