Պակիստանի բանակը հայտնել է, որ ձերբակալել է պաշտոնաթող գեներալ Ֆաիզ Համիդին՝ միջգերատեսչական հետախուզության (ISI) գործակալության նախկին ղեկավարին՝ հողատարածքներում կառուցապատման գործով, գրում է Reuters-ը։
Բարձրաստիճան սպայի ձերբակալությունն անսովոր է Պակիստանում, որտեղ անկախությունից ի վեր 77 տարիներից ավելի քան 30-ը ղեկավարել են զինվորականները և շարունակում են պահել իշխանությունը:
Ըստ զինվորականների հայտարարության՝ գեներալը ձերբակալվել է Գերագույն դատարանի որոշմամբ։ Նշվում է, որ Համիդի հրաժարականից հետո Պակիստանի բանակում օրենքի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել:
«Գեներալ-լեյտենանտ Ֆաիզ Համիդի ռազմական դատավարությունը սկսվել է, և նա զինվորական կալանքի տակ է»,- ասված է հաղորդագրությունում։ Թե ինչ խախտումների մասին է խոսքը, չի նշվում։
Համիդը միջգերատեսչական հետախուզության գլխավոր տնօրենն էր 2019-2021 թվականներին և հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում, երբ նրան նկարահանել են Քաբուլի հյուրանոցներից մեկում թեյ խմելիս, երբ 2021 թվականին ԱՄՆ և արևմտյան այլ զորքերի դուրսբերումից անմիջապես հետո թալիբները գրավել էին Աֆղանստանը:
Վաշինգտոնը երկար ժամանակ մեղադրում է միջգերատեսչական հետախուզությանը 2001 թվականից սկսած Աֆղանստանում ամերիկյան զորքերի ժամանակ թալիբներին աջակցելու մեջ: Միջգերատեսչական հետախուզության տնօրենը բանակի ղեկավարից հետո համարվում է Պակիստանի ամենաազդեցիկ երկրորդ զինվորականը։



























