Վիրջինիա նահանգի Գրինսվիլ բանտում այսօր՝ նոյեմբերի 11-ին, ներարկման միջոցով մահապատժի է ենթարկվել Ջոն Ալեն Մուհամադը, ով 2002թ. իր համախոհի հետ Վաշինգտոնում եւ դրա մերձակայքում կրակել էր 10 անմեղ մարդկանց վրա։
Մահապատժից մի քանի ժամ առաջ, ինչպես հայտնում է BBC-ն, Վիրջինիայի իշխանությունները մերժել են ներում շնորհելու Մուհամադի խնդրանքը, սակայն թույլ են տվել տեսնվել որդու հետ, ինչից հետո հանցագործին մահացու ներարկում է արվել։
Մահապատժից առաջ դատապարտյալը հրաժարվել է վերջին խոսքից եւ ընթացակարգի ժամանակ ոչ մի խոսք չի ասել։
Մուհամադի դատապաշտպանները շարունակում են պնդել, որ իրենց հաճախորդը հոգեկան շեղումներ է ունեցել, նրանք մերժել են նահանգապետի որոշումը՝ հավատացնելով, որ Պարսից ծոցի առաջին պատերազմի վետերանը տառապում էր այսպես ասած «ծովածոցի պատերազմի ախտանիշով»։
Ջոն Ալեն Մուհամադը, ով առավել հայտնի է որպես «վաշինգտոնյան դիպուկահար», իր կրտսեր գործընկեր Լի Բոյդ Մալվոյի հետ, ով այժմ ցմահ բանտարկությունն է կրում, դիպուկահար հրացանից տասը մարդու սպանել եւ երեքին ծանր վիրավորել էր։ 2002թ. հոկտեմբերի 24-ին նրանք երկուսն էլ ձերբակալվել էին, իսկ մեկ տարի անց Վիրջինիա նահանգի դատարանը մեղավոր էր ճանաչել Մուհամադին եւ մահապատժի որոշում կայացրել։
«Վաշինգտոնյան դիպուկահարի» զոհերն էին դարձել պատահական անցորդներ, այդ թվում 25-ից 72 տարեկան կանայք։ Բացի այդ, որոշ տվյալներով, նա ահաբեկչությունների շարք էր նախատեսում նաեւ ամերիկյան այլ քաղաքներում։
Նման հրեշային միջոցով Մուհամադը ջանում էր իր վրա հրավիրել իշխանությունների ուշադրությունը, որպեսզի վերադարձվեն իր ծնողական իրավունքները։




























