Ֆինլանդիայի և Էստոնիայի գազային ցանցերը միացնող Balticconnector գազատարում 2023 թվականի հոկտեմբերին պայթյունի պատճառը չինական նավն է եղել։
Դրա մասին ասվում է Ֆինլանդիայի և Էստոնիայի իրավապահ մարմիններին ուղարկվել չինական կառավարության հաշվետվությունում։
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը՝ վթարը տեղի է ունեցել ուժեղ փոթորկի արդյունքում, որի ժամանակ Հոնկոնգի դրոշով կոնտեյներային Newnew Polar Bear նավն իր խարիսխով վնասել է գազատարը։ Այսպիսով, միջադեպը պատահական է եղել, ընդգծել են Չինաստանի իշխանությունները։
Մինչդեռ փաստաթղթում ոչինչ չի ասվում կապի երկու հաղորդակցական մալուխների մասին, որոնք նույնպես վնասվել են խարիսխի պատճառով, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դրանցից մեկը կապ էր ապահովում Էստոնիայի եւ Շվեդիայի միջև, իսկ երկրորդը պատկանում էր Ռուսաստանին։ Ֆիննական ջրերում վնասվել է գազատարը, իսկ մալուխներից մեկը՝ էստոնական ջրերում: Վթարները տեղի են ունեցել մոտավորապես երկու ժամ տարբերությամբ։
Անցյալ տարվա հոկտեմբերի վերջին Բալթիկ ծովի հատակից խարիսխ է բարձրացվել, որն, ըստ Ֆինլանդիայի ոստիկանության, պատկանել է չինական Newnew Polar Bear նավին, որն էլ մալուխների հետ վնասել է նաև գազատար խողովակը։
Ինքը՝ նավը, գազատարի պայթյունի պահին գտնվել է Ֆիննական ծոցում, որից հետո նավարկել է Սանկտ Պետերբուրգ։





























