Գերմանիայի բնակիչները դոնորական շատ քիչ արյուն են տալիս, ուստի երկրում դրա պաշարները սպառվում են, հայտնում է dpa-ն՝ հիմնվելով գերմանական Կարմիր խաչի (ԳԿԽ) տվյալների վրա:

Ըստ ԳԿԽ-ի արյան դոնորության ծառայության խոսնակ Պատրիկ Նոեի, ամբողջ երկրում օրական 15000 դոնորի արյուն է անհրաժեշտ, բայց այս ցուցանիշին հնարավոր չէ հասնել շատ շրջաններում, քանի որ մարդիկ նախընտրում են իրենց հանգիստն այլ կերպ անցկացնել. «Ուստի,  ԳԿԽ-ի արյան դոնորության ծառայությունները ստիպված են օգտագործել իրենց պաշարները, որոնք արդեն մեծապես սպառվել են»,- հայտնում է DW-ն։

Իրավիճակը բարդացնում է նաև արյան զգալի պաշարներ ստեղծելու անկարողությունը՝ դրա պահպանման կարճ ժամկետի պատճառով։ Իրավիճակը հատկապես կրիտիկական է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա, Ռեյնլանդ-Պֆալց, Սաար և Ներքին Սաքսոնիա դաշնային նահանգներում: «Որոշ դեպքերում պլանավորված վիրահատությունները հարկ է եղել հետաձգել», - ասել  է Պատրիկ Նոեն:

Այդուհանդերձ, գերմանական Կարմիր խաչը դեռ չի խոսում արյան հետ կապված ազգային արտակարգ իրավիճակի մասին. արյան կարիք ունեցող ցանկացած  մարդ կարող է գնալ հիվանդանոց և ստանալ պահեստավորված արյուն: ԳԿԽ-ի տվյալներով, արյան դոնորության ծառայությունն ընդգրկում է ամբողջ Գերմանիայում կատարվող նվիրատվությունների մոտ 75 տոկոսը: