Ֆրանսիայում Ռուսաստանի դեսպանատունը Փարիզից պահանջել է պարզաբանել Telegram սոցիալական ցանցի համահիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման պատճառները, սակայն Ֆրանսիայի իշխանություններն առայժմ խուսափում են համագործակցությունից, հայտնում է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայությունը։
ԶԼՄ-ներում Պավել Դուրովի ձերբակալման մասին լուրերի հայտնվելուց հետո դեսպանությունը պատճառների մասին անմիջապես պարզաբանում է խնդրել Ֆրանսիայի իշխանություններից և պահանջել պաշտպանել նրա իրավունքները և հյուպատոսական հասանելիություն ապահովել։
«Այսօրվա դրությամբ ֆրանսիական կողմը դեռևս խուսափում է այդ հարցի շուրջ համագործակցությունից»,- ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ դիվանագիտական առաքելության ներկայացուցիչը։
Նշվում է, որ ՌԴ դեսպանատունը կապի մեջ է Դուրովի փաստաբանի հետ։
Ռուս փաստաբան Ալեքսանդր Դոբրովինսկին կարծում է, որ Դուրովին կարող են ազատ արձակել երկու օրից։
«Կարծում եմ, որ Դուրովը երկու օրից ազատ կարձակվի։ Դժվար է պահանջներ ներկայացնել մի մարդու, որի կորպորացիան իր մասնավոր կանոններ է սահմանել և գործում է դրանց համաձայն»,- գրել է նա Telegram-ի ալիքում։
Ըստ փաստաբանի, ֆրանսիացիները միայն կասկածներ ունեն։ Դոբրովինսկին նշել է, որ եթե ֆրանսիացիները դատարանի որոշում ունենային, իսկ Telegram-ը հրաժարվեր դրան արձագանքել, ապա նրանք կարող էին Դուրովին երկար պահել կալանքի տակ։
«Նրանք (Ֆրանսիայի իշխանությունները - խմբ.) միայն կասկածներ ունեն, որ նա ինչ-որ տեղ ինչ-որ բան է գրում, որն իրենց դուր չի գալիս: Իսկ այսկերպ, նրանք (ֆրանսիական իշխանությունները - խմբ.), գայթակղելով նրան (վստահ եմ, որ այդպես է), փորձում են վախեցնել։ Եվ ևս մեկ բան. եթե Դուրովը չհանձնվի և չհամագործակցի Հինգերորդ Հանրապետության իրավապահների հետ, Telegram-ի բաժնետոմսերն ու հեղինակությունը եկինք կբարձրանան»,- եզրափակել է ռուս փաստաբանը։




























