Արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Ուկրաինայում ՌԴ զանգվածային հրթիռակոծումից հետո հայտնել է, որ դաշնակիցները կարող են երկու որոշում ընդունել, որոնք կօգնեն վերջ դնել ռուսական ահաբեկչությանը։ Այս մասին ուկրաինացի նախարարը գրել է X-ում։
Կուլեբան նշել է, որ օգոստոսի 26-ին ռուսական հարվածների են ենթարկվել Ուկրաինայի 15 մարզեր։ Ռուսաստանցիները թիրախավորել են քաղաքացիական ենթակառուցվածքի կրիտիկականորեն կարեւոր օբյեկտները եւ էներգետիկ համակարգը։
«Կա երկու կոնկրետ որոշում, որոնք մեր գործընկերները կարող են ընդունել, որպեսզի օգնեն մեզ ավելի արագ վերջ դնել ռուսական ահաբեկությանը։ Նախ՝ հաստատել հեռահար հարվածների Ուկրաինայի իրավունքը Ռուսաստանի տարածքում, բոլոր լեգիտիմ ռազմական թիրախներին։ Երկրորդ՝ գործընկերների ՀՕՊ հնարավորությունների օգտագործման համաձայնություն հրթիռներն ու անօդաչուները խփելու համար, որոնք կմոտենան նրանց օդային տարածքին»,- ընդգծել է նա։
Կուլեբան ավելացրել է, որ այս որոշումներից ոչ մեկը էսկալացիա չէ։
«Հակառակը, դրանք կզսպեն Ռուսաստանին, կօգնեն նվազեցնել ահաբեկչությունը եւ ռուսական գրոհների քանակը, ինչպես նաեւ դրանց հետ կապված զոհերի թիվը։ Գործեք հիմա, ոչ թե հետո։ Օգնեք մեզ կյանքեր փրկել»,- ամփոփել է ԱԳՆ ղեկավարը։
Ինչպես հայտնի է, ռուսական հրթիռային գրոհի հետեւանքով Կիեւի որոշ շրջաններում տեղի են ունեցել էներգամատակարարման խափանումներ, իսկ Լուցկում վնասվել է բազմաբնակարան տուն։
Բացի այդ, Մոսկվայում ՌԴ զանգվածային գրոհից հետո Ուկրաինայում սկսվել են էներգահամակարգի աշխատանքի խափանումներ։





























