Ուկրաինան Կուրսկի մարզում արդեն մասամբ հասել է իր բոլոր նպատակներին: Կուրսկի գործողությունն արդեն փոխել է գերիշխող նարատիվն, ըստ որի Ուկրաինան ի վիճակի չէ ռուսական ռազմական հզորության դեմն առնել, գրում է The Wall Street Journal պարբերականը:

Ամերիկացի պաշտոնյաների տեսանկյունից Կուրսկի գործողությունը  երեք հիմնական նպատակ է հետապնդում՝ ստիպել Ռուսաստանին զորքերը դուրս բերել Արևելյան Ուկրաինայից, հերքել մարտի դաշտում պարտության վերաբերյալ տարածված կարծիքը և բարելավել Ուկրաինայի դիրքերը հնարավոր խաղաղ բանակցություններից առաջ, գրում է գերմանական Deutsche Welle պարբերականը։

«Այս պահին բոլոր երեք նպատակներն էլ մասամբ իրականացվել են»,- նշում է պարբերականը։

The Wall Street Journal-ն իր հերթին շեշտում է նաև ռուս ռազմագերիների թվի ավելացման փաստացի  ձեռքբերումը։

Պարբերականը նշում է, որ, ի տարբերություն նախորդ ռազմական գործողությունների, Ուկրաինան Արևմուտքից գաղտնի էր պահում գործողության մանրամասները։ The Wall Street Journal-ն ուկրաինական զինված ուժերի հարձակումը Կուրսկի մարզում անվանում է Զելենսկու համարձակ և ռիսկային խաղադրույք, որը պետք է Ռուսաստանին հանի հավասարակշռությունից, ստիպի զորքեր տեղափոխել, Արևմուտքին խրախուսի Ուկրաինային ավելի վճռականորեն աջակցել զենքով, ինչպես նաև ցույց տա ուկրաինացիներին, որ նրանք դեռ ունակ են պայքարելու՝ ի հեճուկս հոգնածությանը։

Ներկայում, ըստ The Wall Street Journal-ի՝ Սպիտակ տունը զգուշավոր լավատեսությամբ է սպասում՝ տեսնելու համար՝ արդյոք Զելենսկու խաղադրույքը կշահի։ «Միացյալ Նահանգներն Ուկրաինային տարածություն է տրամադրում՝ գործողությունն իրականացնելու համար՝ միաժամանակ փորձելով խուսափել հարցի հանրային քննարկումից»,- գրում է WSJ-ն։

Միևնույն ժամանակ, Պենտագոնի պաշտոնյաները հարցեր ունեն «բուֆերային գոտու» վերաբերյալ, որի ստեղծումը Զելենսկին անվանել է Կուրսկի մարզում գործողության նպատակներից մեկը, մասնավորապես՝ արդյոք Ուկրաինան նախատեսում է ընդլայնել այդ գոտին, և արդյոք Կիևը կկարողանա պահպանել գրաված տարածքը:

Ընդ որում, Վլադիմիր Պուտինն ամեն կերպ նսեմացնում է Կուրսկի մարզում տեղի ունեցողի նշանակությունը, գրում է The Wall Street Journal-ը, հավելելով, որ Պուտինն այդ հարցով  չի դիմել ռուսաստանցիներին։