Բերտի Ֆոգտսը երկարաձգել է պայմանագիրը ֆուտբոլի Ադրբեջանի ազգային հավաքականի հետ մինչեւ 2014 թվականը: Գերմանացի մասնագետի գլխավորությամբ ադրբեջանցիները հանդես կգան նաեւ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում, հաղորդում է uefa.com-ը: F խմբում Ադրբեջանի մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Ռուսաստանի, Իսրայելի, Լյուքսեմբուրգի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները:
Ֆուտբոլիստ Բերտի Ֆոգտսը Գերմանիայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Մարզիչ Ֆոգտսը գերմանացիների հետ նվաճել է Եվրո-96-ի չեմպիոնի տիտղոսը: Նա նաեւ գլխավորել է Բայերը, Քուվեյթի, Շոտլանդիայի եւ Նիգերիայի հավաքականները: Ադրբեջանի հավաքականը Ֆոգտսը գլխավորում է 2008թ. գարնանից: Եվրո-2012-ի ընտրական մրցաշարի A խմբում Ադրբեջանի հավաքականը վաստակեց 7 միավոր եւ գրավեց նախավերջին տեղը` առաջ անցնելով Ղազախստանից: Դա Ադրբեջանի լավագույն արդյունքն է Եվրոպայի առաջնության ընտրական փուլերում:




























