Հնէաբանների միջազգային խումբը դինոզավրի նոր տեսակ է հայտնաբերել, որի քարացուկները հայտնաբերվել են ճապոնական Хего պրեֆեկտուրայի Տամբասասայամա քաղաքի մոտակայքում: Գտածոն ստացել է Sasayamagnomus saegusai գիտական անվանումը։ Հետազոտությունը հրապարակվել է Papers in Palaeontology (PIP) գիտական հանդեսում:
Ինչպես ցույց է տվել քարացուկների վերլուծությունը, նախկինում անհայտ հնագույն մողեսը պատկանել է ցերատոփսամներին (Ceratopsia)՝ խոտակեր դինոզավրերին, որոնք հայտնի են մեծ եղջյուրներով և գլխի ոսկրային ծալքերով: Բոլոր ցերատոփսամներից ամենահայտնին տրիցերատոփսն է, որն ապրել է կավճի ժամանակաշրջանում՝ մոտ 68 միլիոն տարի առաջ:
Ըստ հնագետների՝ Sasayamagnomus saegusai-ն պարզունակ ցերատոփսամ էր և աչքի էր ընկնում փոքր չափսերով։ Նրա մարմնի երկարությունը կազմում էր ընդամենը 80 սանտիմետր, իսկ քաշը հասնում էր 10 կիլոգրամի։ Համեմատության համար նշենք, որ չափահաս տրիցերատոփսը կշռում էր 12 տոննա, իսկ երկարությունը հասնում էր ինը մետրի:
Գիտնականները նշել են, որ ճապոնական ցերատոփսամը շատ ավելի հին է, քան իր զանգվածեղ ցեղակիցները: Փորձագետների կարծիքով՝ գտածոն վկայում է 110 միլիոն տարի առաջ՝ կավճի ժամանակաշրջանի կեսերին Ասիայից Հյուսիսային Ամերիկա այս խմբի հնարավոր գաղթի մասին։
Այս ժամանակ Եվրասիական մայրցամաքի արևելյան հատվածը և Հյուսիսային Ամերիկան միացված էին Բերինգի ցամաքային կամրջով, որը կենդանիներին հնարավորություն էր տալիս ճանապարհորդել մայրցամաքների միջև: Բացի դրանից, ծայրահեղ գլոբալ տաքացումը հանգեցրեց Արկտիկայում հսկայական անտառների առաջացմանը, ինչն իր հերթին նպաստեց ցերատոփսամների անդրմայրցամաքային տարածմանը:





























