ԱՄՆ եւ Մեքսիկայի գիտնականների միջազգային խումբը հայտնաբերել է, որ Մեքսիկայում ապրող Tadarida brasiliensis տեսակի չղջիկները լուսարձակող ճանկեր ունեն։ Հետազոտությունը հրապարակվել է Mammalian Biology (MamBio) գիտական ամսագրում։

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ այդ չղջիկների վերջույթները հատուկ ճանկիկներ ունեն մատների արտաքին ծայրերին։ Սակայն կենսաբանները չգիտեին, թե հատկապես ինչի համար են դրանք։

Նոր հետազոտությունում թիմը պարզել է, որ դրանք արձակում են կապտականաչ լույս ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո։

Գիտնականներն առայժմ չեն պարզել լուսարձակման մեխանիզմը։ Մասնագետները կարծում են, որ կենդանիները կարող են տեսնել այդ լույսը մշուշում կամ լուսնի լույսի տակ։

Թիմը նախատեսում է փորձեր անցկացնել, որպեսզի պարզի, թե արդյոք այդ կենդանիներն օգտագործում են իրենց թաթիկները որպես շփման միջոց գիշերը, երբ նրանք հավաքվում են միլիոնի հասնող առանձնյակներով։

Բացի լուսարձակող թաթերից, բրազիլական այս տեսակի չղջիկներն ունեն մեկ առանձնահատկություն եւս՝ դրանք համարվում են ամենաարագ թռչողները կենդանական աշխարհում։ Հորիզոնական թռիչքի ժամանակ այս տեսակի չղջիկը բացում է ժամում ավելի քան 160 կիլոմետր արագություն։