Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հույսն ավելի արդյունավետ է, քան քննադատական մտածողությունը, երբ բանը վերաբերում է սթրեսի հաղթահարմանը։ Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականների աշխատանքն ընդգծում է, որ դժվար ժամանակներում արժե առաջ նայել, ոչ թե ապրել այդ «պահով», տեղեկացրել է Stress and Health-ը։
«Գիտակցվածության օգուտը շատ է քննարկվել, բայց սթրեսի ժամանակ այն այնքան էլ ակնհայտ չէ։ Նախ՝ դժվար է գիտակցված լինել, երբ սթրես ես ապրում։ Երկրորդ, եթե ժամանակն իսկապես ծանր է, անպայման չէ, որ դուք շատ եք ուզում մտածել այն մասին, թե ինչի միջով եք անցնում։ COVID համավարակը մեզ տհաճ, բայց օգտակար հնարավորություն տվեց ուսումնասիրել այդ թեման։ Մենք որոշեցինք կենտրոնանալ կատարողական արվեստի վրա, քանի որ այդ ոլորտը հատկապես էր տուժել համավարակի ժամանակ»,- ասում է հետազոտության հեղինակներից մեկը՝ Թոմ Զագենչզիկը։
Գիտնականները հետազոտության համար հավաքել են 247 պրոֆեսիոնալ երաժիշտների, որպեսզի նրանք երկու հարցման մասնակցեն՝ ամիսը մեկ հարցազրույց տալով։ Առաջինը եղել է 2021թ. սեպտեմբերին։ Ժողովրդագրական տվյալներից բացի՝ հարցման մասնակիցներին հարցրել են նրանց մտքերի եւ փորձի մասին համավարակի սկզբում (2020թ. մարտ-օգոստոս)։ Նրանց նաեւ հարցրել են, թե որքանով են նրանք գիտակցված եղել եւ որքանով են լի եղել հույսով 2020թ. սեպտեմբերից մինչեւ 2021թ. մարտ։ Երկրորդ հարցումը, որն իրականացվել է 2021թ. հոկտեմբերին, պարունակել է հարցեր՝ ուղղված աշխատանքում ներգրավվածության մակարդակի, աշխատանքային լարվածության, հույզերի եւ սթրեսի մակարդակի պարզմանը։
«Մեր արդյունքները հիմնականում ցույց են տալիս, որ հույսն ավելի շուտ տալիս է երջանկության օբյեկտիվ զգացողություն, այն դեպքում, երբ գիտակցվածությունը՝ ոչ։ Իսկ երբ մարդիկ ավելի երջանիկ են, նրանք ավելի քիչ են սթրես ապրում, ավելի շատ են ներգրավված աշխատանքում եւ ավելի քիչ են լարված պրոֆեսիոնալ առումով»,- ասում է հետազոտության հեղինակներից Քրիսթին Սքոթը։
«Գիտակցվածությունը կարող է խիստ օգտակար լինել, պահի մեջ կյանքի բազմաթիվ առավելություններ կան։ Բայց կարեւոր է պահել հույսը, հատկապես երկարատեւ սթրեսի ժամանակ։ Մարդիկ պետք է լի լինեն հույսով՝ գիտակցված մնալով, կառչած մնալով այն մտքին, որ թունելի վերջում լույս կա»,- ասում է հետազոտության համահեղինակ Շերոն Շերիդանը։
Թեեւ հետազոտությունը կենտրոնացել է երաժիշտների վրա, գիտնականները կարծում են, որ դրա եզրահանգումները կիրառելի են կյանքի տարբեր ոլորտների հանդեպ։ Երբ սթրեսի մակարդակը բարձր է, հուսալը կարեւոր է։





























