Շիրակի մարզի Ազատան համայնքում, այսօր` դեկտեմբերի 1-ին, շահագործման է հանձնվել նորակառույց ջրամբարը, որով ապահովվելու է գյուղի մի քանի թաղամասերի ջրամատակարարումը:
«Ազատանի մի քանի տասնյակ ընտանիքներ 23 տարի խմելու ջուր չեն ունեցել, օգտվել են հարեւան թաղամասերի ջրի ծորակներից կամ ջրհորներից են ջուր հանել ու օգտագործել, որի բաղադրությունը չի համապատասխանել խմելու ջրի որակներին: Ջրամբարի կառուցման համար ծախսվել է 215 հազար եվրո գումար, իսկ 1 միլիոն 50 հազար եվրո ծախսվել է գյուղի բաշխիչ ցանցերի կառուցման նպատակով: Այդուհանդերձ մարզում ջրային կորուստները մեծ են»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Ջրային տնտեսության կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը:
«Այդ առումով «Շիրակ- Ջրմուղկոյուղին» շատ անելիքներ ունի ինչպես Գյումրիում, այնպես էլ Մարալիկում ու Ախուրյանում: Ջրի կորուստները Շիրակում շատ են. երբ այս խողովակները փոխարինում էին, պետք է տեսնեիք, թե ինչ վիճակում էին հին ջրագծերը, դրանք լրիվ մաշված էին»,-նշել է Գագիկ Խաչատրյանը:
Ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ հիշյալ տարածքներում նախատեսված են KFW վարկային ծրագրի 2-րդ փուլով` 2012-ի կեսերին: Իսկ ծրագրի առաջին փուլով ջրամատակարարման ոլորտում կատարված ներդրումները Շիրակում կազմել է 23 հազար մլն եվրո:
Հարցին, թե երբ Շիրակի մարզը կունենա 24-ժամյա ջրամատակարարում, կառույցի միջազգային տնօրեն Գարի Սթոութը պատասխանել է` 2014 թվականին: «Ներդրումային ծրագրի առաջին փուլով կատարված ամենամեծ աշխատանքն այս ջրագծի կառուցումն էր, որը բավական թանկ նստեց, բայց հիմա արդեն գիտենք որ մի մեծ թաղամաս ջուր ունի: Իսկ ընդհանուր առմամբ ծրագրով կատարված աշխատանքները բազմազան էին, ջրագծերի հիմնանորոգում, վթարավերականգնողական աշխատանքներ եւ այլն: Հաշվի առնելով ջրամատակարար ցանցի նախկին վիճակը , փորձում ենք մեր ստանդարտներն համապատասխանցնել 21-րդ դարի չափորոշիչներին»,-նշել է նա:




























