Սուդանում ավելի քան 16 ամիս շարունակվող պատերազմի հետևանքով զոհվել է ավելի քան 20․000 մարդ, կիրակի օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը, հաղորդում է Associated Press-ը։

ԱՀԿ գլխավոր տնօրենը տվյալները ներկայացրել է Կարմիր ծովում գտնվող Սուդանի Պորտ Սուդան քաղաքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը միջազգայնորեն ճանաչված, զինվորականների աջակցությունն ունեցող կառավարության նստավայրն է։

Ըստ նրա, զոհերի թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։

«Սուդանը իրական ճգնաժամի մեջ է,- ասել է Թեդրոսը՝ ավարտելով իր երկօրյա այցը Սուդան:- Արտակարգ իրավիճակի մասշտաբները ցնցող են, ինչպես նաև հակամարտությունը դադարեցնելու համար ձեռնարկվող անբավարար միջոցները»:

Սուդանում հակամարտությունը, որը սկսվել է անցյալ տարվա ապրիլին, ստեղծել է ներքին տեղահանվածների աշխարհում ամենամեծ ճգնաժամը: Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, մարտերի սկզբից ավելի քան 13 միլիոն մարդ ստիպված է եղել լքել իր տները: Ավելի քան 2,3 միլիոն մարդ փախստականի կարգավիճակով փախել է հարևան երկրներ: