Անցած ամառը եղել է ռեկորդային ամենաշոգը, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Կլիմայի փոփոխության եվրոպական մոնիտորինգի Copernicus-ի տվյալները:

Հունիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում մակերևութային օդի ջերմաստիճանը 0,69 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջինից՝ գերազանցելով 2023 թվականին սահմանված նախկին առավելագույնը, ասվում է Copernicus զեկույցում:

Եվրոպայում հունիսից օգոստոս ջերմաստիճանը 1,54 աստիճանով բարձր է եղել 1991-2020 թվականների միջին ցուցանիշից: Ամենածայրահեղ պայմանները գրանցվել են Միջերկրական ծովի տարածաշրջանում և Արևելյան Եվրոպայում։

BBC News-ը նշում է, որ այս ամառ Եվրոպայում ջերմաստիճանի որոշ ռեկորդներ են գրանցվել: Մասնավորապես, Ավստրիան, Իսպանիան և Ֆինլանդիան գրանցել են ամենաշոգ օգոստոսը այս երկրներում կատարվող դիտարկումների ողջ պատմության ընթացքում։

«Ռեկորդային ջերմաստիճանների այս շարանը մեծացնում է հավանականությունը, որ 2024 թվականը կլինի ռեկորդային ամենաշոգ տարին: Էքստրեմալ ջերմաստիճանային իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս ամառ, միայն կուժեղանան՝ ավելի կործանարար հետևանքներով մարդկանց և մոլորակի համար, եթե մենք շտապ քայլեր չձեռնարկենք ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար», - ասել է Copernicus-ի գործադիր տնօրենի տեղակալ Սամանտա Բուրջեսը: