Արդեն մի քանի օր է՝ մենք ԱԺ ամբիոնում քննարկում ենք ՀՅԴ-ի կողմից շրջանառված շրջաբերական 004-ը, որտեղ առկա են ՀՀ անկախությունը զիջելու մասին որոշակի դրույթներ, մասնավորապես Հայաստանը միութենական պետության կամ Ռուսաստանի կազմում տեղավորելու մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Երբ մենք սրա մասին խոսում ենք, տարատեսակ դաշնակցական քաղաքական գործիչներ, այդ թվում արագ կամ դանդաղ վազող գործիչներ, բարբերաբար ինչ-որ արտահայտություններ են անում դրանք որակելով դա «մուտիտ» կամ նմանատիպ այլ կերպով: Պարբերաբար պնդումներ են անում, թե ՀՅԴ-ն կանգնած է Հայաստանի անկախության  ակունքներում, որ ՀՅԴ-ն պայքարում է Հայաստանի անկախության համար»,-ասաց նա եւ միացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից մի հատված։

Ըստ ՔՊ-ականի միացրած ձայնագրության՝ լրագրողը հարցնում է՝ կո՞ղմ եք, որ Հայաստանը միանա Միութենական պետությանը, Քոչարյանն էլ պատասխանում է, որ Հայաստանն ավելի մեծ միավորում տեղավորվելու կարիք ունի։

«Մեծ միավորում տեղավորվելու կարիք... ահա այսպես մեծ միավորում տեղավորվողների ու տեղավորողների այս կույտը փորձում է  իրեն անվանել ՀՀ անկախության ակունքներում կանգնած քաղաքական թիմ ու ՀՀ ինքնիշխանությունը չզիջող թիմ։ Դուք կապ չունեք  Հայաստանի ինքնիշխանության հետ, դուք կապ չունեք ՀՀ անկախության հետ, մաքսիմումը, որ դուք կարող եք անել, տեղավորելը կամ տեղավորվելն է, ինչը վերջին շրջանում այդքան էլ լավ չի ստացվում»,- հայտարարեց Ալեքսանյանը։