ՀԲԸՄ երիտասարդական կառույցը հանգանակություն է կազմակերպելու, որպեսզի աջակցի Հոլիվուդում նկարահանվող «Բյուզանդիայից արեւելք» ֆիլմի նկարահանմանը։ Այս մասին NEWS.am – ի թղթակցին հայտնեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակից։ Ըստ գրասենյակի՝ ՀԲԸՄ երիտասարդական կառույցի կամավորները հանդիպել են Վարդանանց պատերազմի պատմությունն էկրանավորող ֆիլմի ռեժիսոր Ռոջեր Կուպելյանին, որից էլ տեղեկացել են նկարահանմանը խոչընդոտող ֆինանսական խնդիրների մասին։

Տեղեկացնենք, որ «Բյուզանդիայից Արեւելք» ֆիլմը Վարդանանց պատերազմի եւ Ավարայրի ճակատամարտի մասին պատմող ֆիլմ է։ Ֆիլմի ռեժիսորն է Ռոջեր Կուպելյանը, որը աշխատել է «Մատանիների տիրակալը» ֆիլմի ստեղծագործական խմբի հետ, եւ գլխավորել է, հատուկ էֆեկտների ստեղծման բաժինը։ «Բյուզանդիայից արեւելք»-ի երաժշտությունը գրել է «Sistem of a Down» ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը։ Ֆիլմը ավարտը նախատեսվում է 2010 թվականին։