Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, դեկտեմբերի 1-2-ին, Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) նախարարական համաժողովին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՖՄԿ նախարարական հանդիպմանը մասնակցում էին կազմակերպության 70 անդամ, ասոցացված  եւ դիտորդ երկրների պատվիրակությունները:

Նախարարական համաժողովի օրակարգում էին 2010 թ. հոկտեմբերին կայացած Մոնտրոյի գագաթաժողովին ընդունած որոշումների իրականացման ընթացքը:

Նախարարական հանդիպմանն ելույթով հանդես է եկել Հայաստանի ԱԳ նախարարը, ով կարեւորել է Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ համերաշխության ամրապնդման գործում:

Իր խոսքում Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը, Երեւանում կայացած Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի գլխավոր ասամբլեայի արդյունքները:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի տնօրեն Միշլին Կալմի-Ռեյի հետ հանդիպման ժամանակ երկուստեք գոհունակություն է հայտնվել այս տարի երկկողմ հարաբերություններում արձանագրված զգալի առաջընթացով, ինչը նշանավորվել է երկու երկրների ղեկավարների փոխադարձ պաշտոնական այցելություններով: Էդվարդ Նալբանդյանն ու Միշլին Կալմի-Ռեյը նշել են, որ հաճախակի հանդիպումները հնարավորություն են ընձեռում մշտապես հետեւելու նախորդ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին եւ նախանշելու նոր քայլեր:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպում է ունեցել նաեւ ՖՄԿ գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հետ:

Զրուցակիցները քննարկել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ: 

Աբդու Դիուֆն ընդգծել է, որ Հայաստանի հետ կազմակերպության հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել 2008թ. ասոցացված անդամի կարգավիճակով Հայաստանի անդամակցությունից ի վեր: