Եվրոպական կառավարությունները պետք է դադարեցնեն սոցիալական նպաստների վճարումը իրենց երկրներում բնակվող զորակոչի տարիքի ուկրաինացի տղամարդկանց, հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին, տեղեկացնում է Reuters-ը։
Այս միջոցառումը, ըստ նրա, կօգնի Ուկրաինային ավելի շատ զինվորներ մոբիլիզացնել ռուսաստանյան զորքերի դեմ պայքարելու համար:
Կիևում իր ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո Լեհաստանի արտգործնախարարն ասել է, որ ուկրաինացի տղամարդ-փախստականների սոցիալական նպաստների վճարման դադարեցումը օգտակար կլինի նաև Արևմտյան Եվրոպայի հյուրընկալ երկրների պետական ֆինանսների համար:
«Դադարեցրեք սոցիալական ապահովության նպաստներ վճարել այն մարդկանց, որոնք ուկրաինական զորակոչին մասնակցելու իրավունք ունեն: Ուկրաինայում զորակոչից խուսափելու համար ֆինանսական խթաններ չպետք է լինեն»,- ասել է Սիկորսկին Կիևում միջազգային առաջնորդների համաժողովում:
ԵՄ Եվրոստատի տվյալներով, այս տարվա հուլիսի դրությամբ ավելի քան 4,1 միլիոն ուկրաինացի Եվրամիության երկրներոում ունեցել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, և նրանց մոտ 22%-ը չափահաս տղամարդիկ են, ըստ Եվրոստատի վիճակագրական ծառայության:





























