Իրական եւ պատմական Հայաստանների հետ կապված թեզը մեզ համար անընդունելի է, որը արհեստական է եւ շատ վտանգավոր: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

«Պատկերացրեք անհատ, որը կորցնում է իր հիշողությունը, նման մարդկանց ասում ենք, որ հիվանդ է՝ տարբեր տեսակի դիագնոզներով: Վտանգը իրականի եւ պատմականի այն է, որ եթե մենք պատմականը մեզնից հեռացնում ենք, դրանով ջնջում ենք մեր պատմական հիշողությունը: Մենք դրանով նաեւ փոխում ենք մեր հիշողության գենետիկ կոդը: Ինչի՞ համար է արվում հիշողության այդ ջնջումը: Այսօր բոլորդ գիտեք, որ համակարգչի հիշողությունը մաքրում են, որ մեջը նոր ինֆորմացիայի տեղ լինի: իսկ այդ ինֆորմացիան դնում են նոր ձեւով աշխատելու համար: Ազգը երբեւէ այդ ինֆորմացիայի փոփոխության կարիքը չունի, մեր պատմական հիշողությունը մեզ համար առաջընթացի նպատակով է մնում;

Հայ եկեղեցին իր պատմական բոլոր շրջաններում եղել է քրիստոնեական եկեղեցիների մեջ ամենաառաջադեմն ու ժամանակակիցը: Այսօր էլ հենց այդ պատմական հիմքի վրա է շարունակում իր կյանքը եկեղեցին»,-ասաց նա:

Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նկատեց, որ եթե մենք մեր հիշողության մեջ պահած չլինեինք Արցախը, մենք չէինք լինի պահանջատեր. «Եթե մենք մեր հիշողությունից կորցնենք Արեւմտյան Հայաստանը, կորցնելու ենք Արեւմտյան Հայաստանի՝ որեւէ ժամանակի համար իրականանալիք պահանջատիրությունը: Եթե մենք մեր հիշողությունից ջնջենք Հայոց ցեղասպանությունը, ուրեմն մենք այսօր համակերպվում ենք, որ կարելի է ցեղասպանություն անել, կարելի է մեզ կոտորել ու մենք դա կարող ենք հանդուրժել»,- ընդգծեց նա: