Այն կանխավարկածը, որ մայր տաճարի վերանորոգման գումարներ կարող են փոշիացվել, կարծում եմ՝ այդ խոսույթից մենք պետք է հրաժարվենք՝ հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր տաճարում լրագրողների հետ զրույցում ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը:

Հարցին՝ ինչո՞ւ այդքան երկար տեւեց Մայր տաճարի վերանորոգումը, նա պատասխանեց. «Մայր տաճարի շինարարությունն, ըստ էության, սկսվել է 2017-ին: 2012-ից 2017-ը ուղղակի ուսումնասիրական աշխատանքներ են արվել: Մայր տաճարի վթարայնությունը շատ պատահական է բացահայտվել: Երբ անհրաժեշտություն առաջացած Մայր տաճարի գմբեթի խոտերը հեռացնել, պարզվեց, որ այդ ճաքերը խորանում են մինչեւ հիմքեր, այսինքն Մայր տաճարը վթարային վիճակում էր:

Հիմա ես ալտերնատիվ սցենարը չունեմ, թե նմանօրինակ մի կառույց, մի տաճար նորոգելու համար արդյոք ավելի կարճ ժամանակամիջոցում հնարավոր էր անել: Դա մասնագետները պետք է ասեն, եւ նրանք են, որ այս աշխատանքներն իրականացրել են: Ես կարծում եմ՝ ժամանակահատվածն օպտիմալ է եղել»:

Իր հերթին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի  Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն ասաց. «Ես հասկանում եմ, որ մամուլի շուկայում կոռուպցիոն ռիսկերով նման նորությունները շատ ավելի հետաքրքրական ու արժեքավոր են: Մյուս կողմից մեր բարերարները, որոնք տալիս են այդ գումարները, իրենք իրենց տված գումարների հետքերով գնում են: Եթե ամբողջական պատկերն ենք ուզում իմանալ, այս տարվա վերջին բարձրագույն հոգեւոր խորհրդին հաշվետու ժողով կլինի եւ հաշվետվությունը կլինի Մայր տաճարի նորոգման հետ կապված: 

Մի փնտրեք կոռուպցիոն ռիսկեր այնտեղ, որտեղ դրանք չկան, որովհետեւ միեւնույն է, սենսացիա չեք գտնի: Եթե լինի էլ, հնարավոր է, որ հնարովի մնացածին բաներ լինեն»: