Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի զանգակատան տարածքում կաթողիկոսների հուղարկավորության տեղ այլևս չկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մայր աթոռի հրատարակությունների ու միջոցառումների կազմակերպման հանձնախմբի ատենապետ Նաթան սրբազանը։
«Մայր տաճարի հրապարակը Սուրբ Պետրոսի հրապարակը չէ իր չափերով, և այնտեղ այլևս տեղ չկա։ Դրա համար Վեհափառ հայրապետին առաջարկվեց դրսում հուղարկավորություն չանել այլևս, որպեսզի բակը գերեզմանատան չվերածվի»,– ասաց նա։
Իսկ կաթողիկոսների հուղարկավորության համար արդեն կառուցվում է կաթողիկոսական դամբարան, որը նաև ծառայելու է իբր մատուռ և մոմավառության սրահ, քանի որ վերաօծումից հետո Մայր տաճարում այլևս մոմավառություն թույլ չեն տալու։
Հիշեցնենք` Մայր տաճարը կվերաօծվի սեպտեմբերի 29-ին` ժամը 10։30-ին։





























