Իսրայելական «Մոսադը» կարող էր պայթուցիկներ դնել «Հեզբոլլահի» 5 հազար փեյջերներում, որոնք արտադրվել էին Թայվանում։ Դրանք պատվիրել էր «Հեզբոլլահ» շիական շարժումը։ Այս մասին գրել է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով որոշ աղբյուրների, այդ թվում Լիբանանի անվտանգության մարմիններից։

Ինչպես տեղեկացրել է դրանցից մեկը, «Հեզբոլլահ» շարժումը պատվիրել է 5 հազար փեյջեր Թայվանում գտնվող Gold Apollo ընկերությանը պայթյունններից ամիսներ առաջ, որոնք տեղի ունեցան Լիբանանում սեպտեմբերի 17-ին։ Սարքերը երկիր են բերվել գարնանը, նշում են Reuters-ի աղբյուրները։ Նրանց կարծիքով՝ իսրայելական հետախուզությունը կարող էր «սարքերի մեջ պլատա դնել, որը պայթուցիկ էր պարունակում»։ «Դա շատ դժվար է հայտնաբերել, անգամ ցանկացած սարքի կամ սքաների օգնությամբ»,- կարծում է աղբյուրը։ Նրա խոսքով՝ 3 հազար փեյջերներ ակտիվացել են եւ պայթել միաժամանակ, երբ դրանց հատուկ կոդային հաղորդագրություն է ուղարկվել։ Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ փեյջերներում կարող էր թաքցված լինել 3 գրամ պայթուցիկ նյութ։

The Wall Street Journal թերթի աղբյուրները տեղեկացրել են, որ պայթած փեյջերներից շատերը նոր խմբաքանակից էին, որը «Հեզբոլլահ» շարժումը ստացել էր վերջերս։ Աղբյուրները հավաստիացնում են, որ սարքերի որոշ տերեր զգացել են, որ փեյջերները տաքանում են, եւ դրանցից ազատվել են մինչեւ պայթյունը։