Նորվեգիայում էլեկտրական մեքենաների թիվն առաջին անգամ գերազանցել է բենզինային մեքենաների թվին, հաղորդում է Նորվեգիայի երթևեկության տեղեկատվական խորհուրդը (OFV, Oppplysningsrådet for veitrafikken):
OFV-ի տվյալներով՝ հանրապետությունում գրանցված է ընդհանուր առմամբ 2,8 մլն մարդատար ավտոմեքենա։ Դրանցից 754 303-ը էլեկտրամոբիլներ են, իսկ 753 905-ը՝ բենզինով: Կան մոտ 366 հազար հիբրիդային մեքենաներ, ևս մոտ մեկ միլիոնը դիզելային շարժիչներով մեքենաներ են, սակայն դրանց թիվը գնալով նվազում է, նշում է OFV-ն։
«Սա պատմական իրադարձություն է. Տասը տարի առաջ քչերը կարող էին ակնկալել, որ սա մեծ իրադարձություն կլինի: Ուղևորատար մեքենաների պարկի էլեկտրաֆիկացումն ընթանում է արագ տեմպերով, և Նորվեգիան արագ քայլեր է կատարում դառնալու աշխարհում առաջին երկիրը, որն ունի հիմնականում էլեկտրական մարդատար մեքենաների պարկ», - ասել է OFV-ի տնօրեն Օյվինդ Սոլբերգ Տորսենը:
Նրա կանխատեսումների համաձայն՝ մինչև 2026 թվականը երկրում էլեկտրամոբիլների թիվը կգերազանցի նաև դիզելային մեքենաների թիվը։
2024 թվականի օգոստոսին Նորվեգիայում վաճառված 11114 մեքենաների մոտ 94%-ը էլեկտրական էին, ըստ OFV-ի։ Այս աճի հիմնական շարժիչ ուժը եղել է Tesla Model Y-ի վաճառքը (մոտ երկու հազար մեքենա):
Նորվեգիան, ինչպես նշում է The Washington Post-ը, առաջատար է էլեկտրական մեքենաների ընդունման հարցում կառավարության նախաձեռնությունների շնորհիվ։ Դրանք ներառում են վաճառքի և արտանետումների հարկերից ազատումները, կայանման վճարների նվազեցումը և էլեկտրական մեքենաներին ավտոբուսի երթուղիներից օգտվելու թույլտվություն:





























