Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաջորդ հինգշաբթի կմեկնի Վաշինգտոն՝ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի հետ բանակցություններ վարելու, քանի որ նա պնդում է, որ Միացյալ Նահանգներն Ուկրաինային թույլ տան օգտագործել Արևմուտքի մատակարարվող զենքերը՝ Ռուսաստանի տարածք ավելի խորը թափանցելու համար, հայտնում է Associated Press-ը։ Լրատվամիջոցներն ուշագրավ են համարում, որ Զելենսկին առանձին հանդիպում կունենա ԱՄՆ նախագահի պաշտոնի համար հավակնորդ Քամալա Հարիսի հետ։
«Անհամբերությամբ սպասում եմ իմ ընկերոջը՝ Ուկրաինայի նախագահ Զելենսկիին հաջորդ շաբաթ Սպիտակ տանը հյուրընկալելուն։ Նրա այցի ընթացքում ես կվերահաստատեմ Ուկրաինային աջակցելու Ամերիկայի հանձնառությունը, քանի որ նա պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը»,-հայտարարել է Բայդենը X-ի իր միկրոբլոգում:
Բայդենի վարչակազմն առաջվա պես վստահ չէ՝ արդյոք պե՞տք է Ուկրաինային լիազորություն տա ռուսական տարածքի խորքերը հեռահար հրթիռներ արձակելու համար: Միաժամանակ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ իրենք ավելի շատ մանրամասներ են փնտրում՝ ինչպես է Կիևը օգտագործելու զենքերը և ինչպես են դրանք տեղավորվում ավելի լայնածավալ պատերազմի ռազմավարության մեջ, գրում է Associated Press-ը։





























