Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, այսօր` դեկտեմբերի 3-ին, Գյումրիում անցկացվել է երթ, ի պաշտպանություն սահմանափակ կարողութուններ ունեցող քաղաքացիների: Նրանք Անկախության հրապարակից երթով շարժվել են դեպի կենտոնական հրապարակ:
«Միասին հանուն ավելի լավ ապագայի, պահանջում ենք հավասար իրավունքներ» եւ այլ բովանդակությամբ ցուցապաստառներով երթի մասնակիցները մեկ անգամ եւս բարձրաձայնել են իրենց իրավունքների եւ խնդիրների մասին, հիշեցնելով, որ 2010-ի մայիսի 17-ին Ազգային ժողովը վավերացրել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիան, որով պետությունը պարտավորվում էր Հայաստանը դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար նպաստավոր երկիր:
Այս առումով, ըստ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի, դեռեւս բազմաթիվ խնդիրներ կան, սկսած գործատուների վերաբերմունքից, մինչեւ մարդկային շփումներ: «Որեւէ երկիր չի կարող ժողովրդավարական համարվել, եթե նրա բոլոր քաղաքացիների համար չկան կրթություն ստանալու, աշխատելու, ընտանիք կազմելու, հասարակական կյանքին մասնակցելու հավասար հնարավորություններ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել են երթի մասնակիցները:
Այսօր կա նաեւ իրազեկվածության պակաս, նշել է Շիրակի մարզպետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռաֆիկ Փոթինյանը: «Անհրաժեշտ է աշխատանքներ տանել բարձրացնելու հասարակության իրազեկվածությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդների սոցիալական վիճակի, կենսակերպի վերաբերյալ, նպաստել նրանց նկատմամբ վերաբերմունքի փոփոխությանը»,-նշել է նա:



























