Թուրքիան պատրաստվում է օտարերկրյա եւ իր քաղաքացիների հնարավոր տարհանմանը Լիբանանից, քանի որ շարունակվում են տրանսսահմանային փոխհրաձգություններն Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում ունեցած աղբյուրին։
Ավելի վաղ մի քանի արեւմտյան երկրներ դիմել էին քաղաքացիներին՝ կոչ անելով հեռանալ Լիբանանից, քանի դեռ նրա օդանավակայանները գործում են, իսկ ոմանք մշակել էին գործողությունների պլաններ արտակարգ իրավիճակներում, որոնք կկենտրոնանան Կիպրոսում եւ կարող են ներառել տարհանումը ծովով, վկայում են Ավստրալիայից եւ Մեծ Բրիտանիայից հնչող հայտարարությունները։
Հարավային Թուրքիայի միջերկրածովյան ափը եւս մեկ տարբերակ է տասնյակ հազարավոր օտարերկրացիների տարհանման համար, եթե իսրայելական ավիահարվածները թեժանան Լիբանանի տարածքում։
«Թուրք զինվորականները հնարավորություն եւ ռեսուրսներ ունեն ցանկացած առաքելություն կատարելու համար... մեր կամ օտարերկրյա քաղաքացիների տարհանման համար Լիբանանից։ Կատարվում են նախնական պլանավորում եւ հնարավոր տարհանման գործողության պատրաստում»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ ավելացնելով, որ Թուրքիան նման գործողություններ կատարել է անցյալում եւ ուշադիր հետեւում է Լիբանանում իրադարձությունների զարգացմանը։
Աղբյուրը, սակայն, չի նշել, թե որ օտարերկրյա քաղաքացիներին Թուրքիան կարող է օգնել տարհանման դեպքում, եւ ինչ պլաններ է Անկարան արդեն իրականացրել։





























