Պաղեստինյան ՖԱԹՀ շարժման բարձրաստիճան հրամանատար Մունիր ալ-Մակդահը վիրավորվել է իսրայելական գրոհի ժամանակ պաղեստինցի փախստականների Այն-էլ-Հիլվե ճամբարի դեմ (Լիբանանի հարավ)։ Այս մասին տեղեկացրել է Al Hadath հեռուստաալիքը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Lebanon 24 պորտալը, գրոհի հետեւանքով զոհվել է տեղի հինգ բնակիչ։ Նրա տեղեկացմամբ՝ հրթիռներն արձակվել են Մունիր ալ-Մակդահի տան դեմ, սակայն պաղեստինցուն ոչնչացնելու փորձը հաջողություն չի ունեցել, քանի որ նա տեղում չէր։

Օգոստոսի 21-ին իսրայելական անօդաչուի գրոհի ժամանակ զոհվել է Մունիր ալ-Մակդահի եղբայրը՝ Հալիլը, որը ղեկավարում էր ՖԱԹՀ-ի «Ալ Աքսայի նահատակների բրիգադի» ռազմականացված թեւը Լիբանանում։ Նրա դեմ Սայդայում հրթիռ է արձակվել։

Այն-Էլ Հիլվե ճամբարի դեմ հարվածը Իսրայելի առաջին օդային գրոհն էր Լիբանանի տարածքում պաղեստինյան ամենախոշոր ճամբարի դեմ այն ժամանակվանից, երբ անցած տարվա հոկտեմբերին սկսվեց Իսրայելի եւ «Հեզբոլլահի» միջեւ դիմակայության նոր ալիքը։ Այդ ճամբարում ապրում է ավելի քան 100 հազար մարդ։ Երկրում 12 պաղեստինյան ճամբար կա, որոնք ներքին ինքնավարություն ունեն, փախստականների ընդհանուր թվաքանակը 450 հազար է։

Սեպտեմբերի 30-ին իսրայելական բանակը տեղեկացրել էր, որ սկսել է ցամաքային գործողության մասշտաբների սահմանափակումներ մտցնել Լիբանանի հարավի սահմանային շրջաններում։