Ամերիկացի պաշտոնյաները բավականաչափ ազդեցություն չունեն Իսրայելի վրա՝ կապված գալիք ընտրությունների հետ, որպեսզի համոզեն Իսրայելին չափավորել իր պատասխան գործողություններն Իրանի գրոհից հետո։ Այս մասին երեքշաբթի գրել է The New York Times թերթը՝ հղում կատարելով իսրայելական հետախուզության նախկին աշխատակից Դանի Ցիտրոնովիչին։
Նրա կարծիքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կարող է խնդրել Իսրայելին «սահմանափակել պատասխան միջոցները», բայց «նկատի ունենալով մոտեցող նախագահական ընտրությունները»՝ ամերիկացի պաշտոնյաները այնքան էլ մեծ հեղինակություն չունեն, որքան ապրիլին, երբ Իրանի գրոհից հետո նրանք Իսրայելին կոչ արեցին խուսափել հակամարտության թեժացումից։
«Դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինի այս թեժացման ավարտը։ Իսրայելի գործողությունները որոշակիորեն կհանգեցնեն Իրանի հերթական պատասխանին։ Մենք մեր (Իսրայելի) եւ իրանցիների միջեւ կոշտ առճակատման սկզբում ենք»,- կարծում է փորձագետը։
Ինչպես նշել է The New York Times-ը, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալայի մահից եւ Լիբանանում ցամաքային գործողության սկսվելուց հետո Իսրայելն իրեն ավելի վստահ է զգում եւ կարող է ավելի կոշտ պատասխանել Իրանի հարվածներին։



























