Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) երկրները հայտարարել են, որ աջակցում են Լիբանանին, եւ հակամարտության բոլոր կողմերին զսպվածության կոչ են արել թեժացման ֆոնին։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային կազմակերպության գլխավոր քարտուղար Ջասեմ ալ-Բուդեյվին։

«Նախարարների խորհուրդը հաստատել է, որ այս կրիտիկական պահին ՊԾԱՊՀԽ-ն աջակցում է Լիբանանի եղբայրական ժողովրդին իր բոլոր տարրերով (կրոնական համայնքներով), եւ կոչ է արել ակտիվացնել ջանքերը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում՝ ուղղված Լիբանանին շտապ հումանիտար օգնության ցուցաբերմանը՝ քաղաքացիական բնակչության տառապանքները թեթեւացնելու համար»,- ասել է նա Դոհայում խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո գումարված մամուլի ասուլիսում։ Հեռարձակումը վարել է Al Jazeera հեռուստաալիքը։

ՊԾԱՊՀԽ երկրները «քննարկել են թեժացումը Լիբանանի եւ Պաղեստինի տարածքում եւ նախազգուշացրել են լուրջ հետեւանքների» մասին, որոնք չեն սահմանափակվի միայն Մերձավոր Արեւելքի տարածաշրջանով։ Նախարարների խորհուրդը բոլոր կողմերին «զսպվածության, բռնությունը դադարեցնելու եւ առաջնահերթությունը երկխոսությանը տալու» կոչ է արել։ Արտահերթ նիստի մասնակիցները նորից դատապարտել են Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում եւ «պահանջել են անհապաղ եւ մշտական հրադադար», պատանդների ազատ արձակում եւ պաղեստինյան անկլավի շրջափակման դադարեցում։