ԱՄՆ բնակիչը կորցրել է 500 հազար դոլար շահած վիճակախաղի տոմսը եւ գտել այն միայն մեկ ամիս հետո։ Այս մասին գրել է UPI-ն։

57-ամյա Ֆիլիպն ամերիկյան Վաշինգտոն քաղաքից (Կոլումբիայի օկրուգ) գնել է Lucky for Life վիճակախաղի երկու տոմս։ Տղամարդու բախտն անհավանականորեն բերել է, նա կռահել է բոլոր հինգ թվերը երկու տոմսերում եւ յուրաքանչյուրով շահել 500 հազարական դոլար։

Երբ եկել է մեկ միլիոն դոլարը ստանալու ժամանակը, նա պարզել է, որ չի կարողանում գտնել տոմսերից մեկը։ Արդյունքում՝ խաղարկությունից հետո նրան վճարել են միայն մրցանակի կեսը։ Այնուամենայնիվ, Ֆիլիպը որոշել է չհանձնվել եւ մի քանի շաբաթ փնտրել է կորած տոմսը։