Վերջին տարիներին «Ալ-Քաիդայի» տխրահռչակ համահիմնադիր Ուսամա բեն Լադենի որդին՝ Օմար բեն Լադենը, Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում բնապատկերներ նկարելով՝ անխռով կյանք էր վարում։
Սակայն երեքշաբթի Ֆրանսիան արգելել է նրան մուտք գործել երկիր այն հայտարարությունների համար, որոնցում, ըստ Ֆրանսիայի իշխանությունների, նա փառաբանում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին հոր կազմակերպած ահաբեկչությունը, գրում է բրիտանական The Telegraph պարբերականը։
Օմար բեն Լադենը անվրդով կյանք էր վայելում Ֆրանսիայի հյուսիսում՝ ամուսնանալով Չեշիրից բրիտանուհի թոշակառուի հետ, սակայն 2023 թվականի մայիսին նրան վտարել են երկրից:
«Պարոն բեն Լադենը, որը մի քանի տարի ապրել է Օրն շրջանում որպես բրիտանաական քաղաքացու ամուսին, 2023 թվականին իր սոցիալական ցանցերում մեկնաբանություններ է հրապարակել՝ փառաբանելով ահաբեկչությունը»,-հայտարարել է Ֆրանսիայի Ներքին գործերի նախարար Բրունո Ռետայոն։ «Վարչական արգելքը երաշխավորում է, որ պարոն Բեն Լադենը որևէ պատրվակով չի կարողանա այլևս Ֆրանսիա վերադառնալ»:
Այն մեկնաբանությունների ստույգ բնույթը, որոնք հանգեցրել են Բեն Լադենի որդու Ֆրանսիա մուտքի արգելքին, պարզ չէ: Սակայն, ըստ տեղական Le Publicateur Libre պարբերականի, X հաշիվը @omarbinladin1 օգտանունով 2023 թվականի մայիսի 2-ին՝ Ուսամա բեն Լադենի մահվան 12-րդ տարելիցին, հաղորդագրություն է զետեղել, որում նա հարգանքի տուրք է մատուցել Նյու Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնը հողին հավասարեցրած 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչին:
43-ամյա Օմար բեն Լադենը ծնվել է Սաուդյան Արաբիայում, որտեղ անցկացրել է իր մանկության և պատանեկության տարիները, ապրել է նաև Սուդանում և Աֆղանստանում: 19 տարեկանում Օմարը լքել է հորը և 2016 թվականին մշտական բնակություն հաստատել Հյուսիսային Ֆրանսիայի Նորմանդիա շրջանում՝ զբաղվելով գեղանկարչությամբ։
Նրա ամուսնությունը բրիտանուհի թոշակառու Ջեյն Ֆելիքս-Բրաունի հետ, որը հինգ անգամ ամուսնալուծվել էր և ամուսնուց երկու տասնամյակ մեծ է, մեծ հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցներում, երբ 2007 թվականին Օմար բեն Լադենի հետ նրա ամուսնությունը հաստատվեց: Ամուսնությունից հետո կինն ընդունել է մահմեդական Զաինա Մոհամեդ անունը։ Օմար բեն Լադենը ցանկություևն էր արտահայտել ապրել Մեծ Բրիտանիայում, սակայն բրիտանական իշխանությունները նրա խնդրանքը մերժել էին։




























