86 տարեկան հասակում մահացել է միլիարդատեր և հնդկական Tata Group կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Ռաթան Թաթան։ Դրա մասին հաղորդվում է ընկերության կայքում։

«Խոր կորստի զգացումով հրաժեշտ ենք տալիս Ռաթան Նավալ Թաթային՝ իսկապես արտասովոր առաջնորդի, որի անգնահատելի ներդրումը ձևավորեց ոչ միայն Tata Group-ի, այլև մեր ազգի կառուցվածքը»,-ասված է հայտարարության մեջ:

«Կատարելության, ազնվության և նորարարության հանդեպ անսասան նվիրվածությամբ՝ Tata Group-ը, նրա ղեկավարությամբ, ընդլայնել է իր համաշխարհային ներկայությունը՝ միշտ հավատարիմ մնալով իր բարոյական սկզբունքներին: Թաթայի նվիրվածությունը բարեգործությանը և համայնքի զարգացմանը միլիոնավոր մարդկանց կյանքին է անդրադարձել: Կրթությունից մինչև առողջապահություն, նրա նախաձեռնությունները խոր հետք են թողել, որը օգուտ կբերի գալիք սերունդներին»,-ասվում է Tata Group-ի հայտարարության մեջ:

Ռաթան Թաթան ծնվել է 1937 թվականի դեկտեմբերի 28-ին։ Նա սերում էր ազդեցիկ հնդկական Թաթա ընտանիքից։ Նա ղեկավարել է Tata Group-ը 1990- 2012 թվականներին, իսկ 2016 թվականի հոկտեմբերից մինչև 2017 թվականի փետրվարը եղել է ընկերության ժամանակավոր նախագահը:

1868 թվականին հիմնադրված Tata Group-ը  հնդկական խոշորագույն ընկերություններից մեկն է։ Ընկերությունն աշխատում է տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, մեքենաշինության, նյութերի և քիմիական նյութերի արտադրության ոլորտում: