Ամերիկյան Նեբրասկա նահանգի բնակիչ Մայքլ Հենրիխսը պատմել է, որ խանութի գնորդներից մեկն իրեն ոգեւորել է գնել ակնթարթային վիճակախաղի տոմս, որը նրան 200 000 դոլարի մրցանակ է բերել իր ծննդյան օրվանից մեկ օր առաջ, գրել է UPI-ն։
Հենրիխսը պատմել է Նեբրասկայի վիճակախաղի ներկայացուցիչներին, որ ինքը եղել է Սփրինգֆիլդի խանութում, երբ տեսել է, թե ինչպես է մեկ այլ գնորդ վիճակախաղի տոմս գնում, եւ որոշել է ինքն էլ մի տոմս գնել։
Նա ընտրել է 20 դոլար արժողությամբ տոմս եւ ցնցվել է՝ տեսնելով իր շահումը։
Արդյունքում՝ Հենրիխսը շահել է 200 հազար դոլար իր ծննդյան օրվանից մեկ օր առաջ։ Նրա խոսքով՝ այդ օրը լրացել է նաեւ իր տունը գնելու 30 տարին։
«Սա շատ ցանկալի նվեր է ծննդյան օրվա առիթով»,- ասել է նա։
Հենրիխսի խոսքով՝ նրա շահումը կծախսվի տան նորոգման եւ ճամփորդության վրա։





























