Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 6-ին, կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բերգհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հերթական՝ 12-րդ նիստին մասնակցելու նպատակով:
NEWS.am-ին նախագահի մամուլի գրասենյակից հայտնեցին, որ Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նրան ատոմային անվտանգության հարցերով Հայաստանին զգալի օժանդակություն ցուցաբերելու համար: Սերժ Սարգսյանը կարեւորել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքը եւ ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությունը: ՀՀ նախագահը եւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ մինչ այժմ կատարված աշխատանքներին, կայանի հետագա շահագործման եւ նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին: Կառավարության ընդունելությունների տանը Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին եւ հանդես եկել բացման խոսքով: Նա ներկայացրել է ԱԷԱԽ-ի երկու նոր անդամներին՝ Դոկտոր Քրիստոֆեր Վաթսոնին Մեծ Բրիտանիայից՝ Փակ միջուկային օբյեկտների կառավարման ծրագրերի գլխավոր խորհրդական եւ դոկտոր Ժերալդ Օզունյանին Ֆրանսիայից՝ Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային գործակալության փոխտնoրեն:
Խորհուրդը 15 տարիների ընթացքում մեծ աշխատանք է կատարել: Շնորհակալ եմ բոլորիդ՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի օգնության համար: Այս ձեւաչափով համագործակցության կարեւորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով կայանի առանձնահատուկ դերը մեր երկրի էներգետիկ անվտանգության հարցում: Թույլ տվեք նաեւ շնորհակալական խոսքեր հղել ՄԱԳԱՏԷ-ին եւ բոլոր այն երկրների կառավարություններին, որոնք մասնակցում են այս գործընթացին:ՀԱԷԿ-ի գործող բլոկի անվտանգության մակարդակի անընդհատ բարձրացումը մնում է Հայաստանի կառավարության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Ես ծանոթացել եմ ՀԱԷԿ-ի կարգավորող մարմնի եւ ղեկավարության կողմից ներկայացված նյութերին, ինչպես նաեւ ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման վերաբերյալ Վիեննայում ս.թ. հոկտեմբերին կայացած ՄԱԳԱՏԷ-ի համակարգող խորհրդի նյութերին:Մենք հասկանում ենք դոնոր երկրների դիրքորոշումը՝ ատոմակայանի անվտանգության բարձրացման ուղղությամբ աշխատանքների համաֆինանսավորման մեջ հայկական կողմի մասնակցության բարձրացման անհրաժեշտության վերաբերյալ: Իհարկե, այս հարցում կան օբյեկտիվ դժվարություններ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ Հայաստանի տնտեսության վրա դրա բացասական ազդեցությունը լուրջ ճշգրտումներ են մտցրել մեր ծրագրերում:
2010թ. ապրիլին բարձրացվեց բնական գազի սակագինը: Չցանկանալով խորացնել բնակչության սոցիալական վիճակը՝ մենք պահպանեցինք էլեկտրաէներգիայի վերջնական սակագինը եւ միայն բարձրացրեցինք ՀԱԷԿ-ի էլեկտրաէներգիայի մշակման սակագինը: Բայց այս ընթացքում թանկացել են ինչպես միջուկային վառելիքը, այնպես էլ վերանորոգման աշխատանքների արժեքը: Արդյունքում, ՀԱԷԿ-ի սակագնային տարբերությունը (մարժան) անբավարար եղավ անհրաժեշտ բոլոր ծախսերը հոգալու համար: Այդ կապակցությամբ, մենք փորձում ենք ստեղծված դրությունից դուրս գալու համար լրացուցիչ ռեսուրսներ փնտրել: Ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստան-ՄԱԳԱՏԷ համագործակցության որոշ ասպեկտների վրա: Ամեն տարի մեր երկիրն ընդունում է մինչեւ 10 առաքելություն ՀԱԷԿ-ի անվտանգության եւ պաշտպանվածության, ինչպես նաեւ սեյսմիկ եւ շահագործման անվտանգության ստուգման համար: 2011թ. մայիսին մենք ընդունեցինք ՕՍԱՐՏ առաքելությանը, որն իրականացրեց ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության խորացված ստուգում: Փորձարկվեցին կայանի գործունեության 8 ուղղություններ, եւ ՕՍԱՐՏ-ի խումբն այլ երկրներում տարածման դրական փորձի 7 օրինակ հայտնաբերեց: Խումբն ըստ ոլորտների ներկայացրեց 14 երաշխավորագիր եւ 12 առաջարկություն, որոնց հետ կապված ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը կարող է բարձրացվել: Հայաստանի կառավարությունը նոյեմբերին պաշտոնապես ստացավ առաքելության վերջնական հաշվետվությունը: Հաշվետվությունը համակողմանիորեն կդիտարկվի եւ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այն ոլորտների կատարելագործման համար, որոնց հետ կապված առաքելությունը ներկայացրել է երաշխավորագրեր եւ առաջարկություններ: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի 2012թ. վերջին, 2013թ. սկզբին կայանալիք կրկնակի ստուգումը հավաստի կայանի շահագործման անվտանգության բարձրացման էական առաջընթացի մասին:
ՀԱԷԿ-ի ղեկավարությունը պետք է շտապ որոշակի գործողություններ ձեռնարկի Հայաստանի ատոմային էներգետիկայի ենթակառուցվածքի եւ կայանի համար մարդկային ռեսուրսների զարգացման ուղղությամբ՝ հաշվի առնելով այն, որ տարածաշրջանում նոր ատոմային կայան է հայտնվել, որտեղ աշխատավարձը շատ ավելի բարձր է, քան մեր ատոմակայանում»,- ասել է նախագահը իր ելույթում: Նա նաեւ նշել է, որ հայկական կողմը որոշում է կայացրել հնարավորին կարճ ժամանակահատվածում ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի սթրես-թեստ անցկացնել:
«Եվրոպական միությունը պատրաստակամություն է հայտնել օգնել սթրես-թեստերը ժամանակին անցկացնելու հարցում: Ներկայում ՀԱԷԿ-ն արդեն սկսել է այդ միջոցառման իրականացման աշխատանքների նախապատրաստումը: Սթրես-թեստերի արդյունքները պատրաստ կլինեն 2012թ. երկրորդ եռամսյակում:Չնայած ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունն այսօրվա դրությամբ համարվում է առաջնակարգ կարեւորության խնդիր, մենք պակաս արդիական չենք համարում ապագա էներգաբլոկի հետ կապված հարցերը: Հայաստանի եւ Եվրոպական միության համատեղ գործողությունների ծրագրում ներառված է «ՀԱԷԿ-ի միջուկային էներգաբլոկները շահագործումից հանելու ծրագրի» մշակումը: ԵՄ-ի հետ մեկնարկել է «Ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի կառավարման ռազմավարության» մշակման աշխատանքը: Արեւելյան գործընկերության շրջանակում էներգետիկ անվտանգության մասով ԵՄ գործողությունների ծրագիրը նվիրված է նաեւ տարածաշրջանում ենթակառուցվածքային համակարգերի զարգացման եւ էներգակիրների մատակարարման բազմազանեցման հարցերին: Մի քանի խոսքով անդրադառնամ երկրում միջուկային էներգետիկայի զարգացման ոլորտում տարվող աշխատանքներին. Հայաստանն ունի էներգետիկայի զարգացման ռազմավարական ծրագիր եւ դրանում առանցքային տեղ ունի միջուկային էներգետիկայի զարգացման ծրագիրը: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության պահանջված մակարդակը: Այդ իսկ պատճառով ապագա երկրորդ էներգաբլոկի շուրջ ցանկացած քննարկում սերտորեն կապված է նոր միջուկային էներգաբլոկի գործարկման ժամկետների հետ:
Ակնհայտ է նաեւ, որ նոր էներգաբլոկի ներդրման ժամկետների ուշացման դեպքում, մենք ստիպված կլինենք լուծել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ժամկետների երկարացման խնդիրը: 2011թ. ապրիլին պլանավորած «Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկը. ներդրումային հնարավորություններ» միջազգային համաժողովը տեղափոխվեց Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի եւ ցունամիի պատճառով: Ֆուկուսիմա ԱԷԿ-ում վթարի հետեւանքները հաստատում են ինչպես գոյություն ունեցող, այնպես էլ պլանավորված ԱԷԿ-երի անվտանգության վերլուծության ուժեղացման եւ խորացման անհրաժեշտությունը: Համաժողովի տեղափոխումը հնարավորություն տվեց միջուկային միջազգային ընկերակցությունների հետ ուշադիր ուսումնասիրել Ֆուկուսիմա ԱԷԿ-ի վթարի հետեւանքները եւ հաշվի առնել նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցում անվտանգության պահանջների հնարավոր փոփոխությունները: Նախորդ նիստում ես արդեն տեղեկացրել եմ ձեզ, որ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ռուսական ԱԷԿ-92 նախագծին՝ որպես միջուկային նոր էներգաբլոկի նախագիծ: 2010թ. օգոստոսին ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ համաձայնագիր է ստորագրվել «ՀՀ տարածքում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման վերաբերյալ»: Համաձայնագրով Ռուսաստանը նախագծում մասնակցում է որպես ներդրող, եւ նրա ներդրումները կհամապատասխանեն «միջուկային կղզյակ»-ի համար մատակարարվող սարքավորումների արժեքին: Համաձայնագիրը նաեւ նախատեսում է փոխառական միջոցների հնարավորություն, եթե նման անհրաժեշտություն ծագի: Մենք շարունակում ենք այլ ներդրողների ներգրավման շուրջ բանակցությունները: Նախագահ Սարկոզիի հետ հանդիպմանը քննարկվեց միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծում ֆրանսիացի ներդրողների հնարավոր մասնակցության հարցը: Քննարկվեց նաեւ մեր նախագծում ֆրանսիական ընկերությունների մասնակցության հարցը՝ որպես սարքավորումների մատակարար: Մեզ հայտնի է ռուսական «միջուկային կղզյակ»-ի սարքավորումներն արեւմտյան սարքավորումների հետ համատեղելու դրական փորձի մասին: «Ռոսատոմ»-ն արդեն մշակել է ռուսական ԱԷԿ-92 նախագծում Արեւա-Սիմենս ընկերության համակարգի ինտեգրման նախագիծը Բուլղարիայի «Բելենա»-ի հիման վրա: Այս ամենը խոսում է այն մասին, որ ռուսական նախագծում արեւմտյան տեխնոլոգիաների ինտեգրման մեր հայեցակարգը հեռանկարային է: Մենք արդեն ավարտել ենք Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկների կառուցման տեխնիկական-տնտեսական հիմնավորման մշակման աշխատանքները:
Կցանկանայի հատուկ ուշադրություն դարձնել ՄԱԳԱՏԷ-ի օգնությանը՝ ՀԱԷԿ-ի հարթակի սեյսմիկ վերագնահատման հաշվետվությունների փորձագիտության կազմակերպման հարցում: Այդ աշխատանքը կարեւոր է ինչպես գործող միջուկային բլոկի սեյսմիկ անվտանգության, այնպես էլ մեր Հանրապետությունում միջուկային նոր էներգաբլոկի կառուցման նախագծի իրագործման համար: 2008-2010թթ. անցկացվել է ԱԷԿ-ի հարթակի կրկնակի ուսումնասիրություն սեյսմակայունության, հրաբխագիտության եւ երկրաֆիզիկայի տեսանկյունից: ՄԱԳԱՏԷ-ի փորձագետների կողմից վերը նշված հաշվետվության գնահատման արդյունքները հաստատում են Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վայրի ճիշտ ընտրությունը: ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը բարձր է գնահատել կատարված աշխատանքների մակարդակը: Ավարտվել է «Շրջակա միջավայրի վրա միջուկային նոր էներգաբլոկի կառուցման ազդեցության գնահատման վերաբերյալ» հաշվետվության կազմման աշխատանքը: Տվյալ հաշվետվությունը բաց է եւ տեղադրված է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջերում, որտեղ այն փորձաքննության է ենթարկվում: Վստահ եմ, որ այսօր, ինչպես նախորդ նիստերում, մենք կանցկացնենք օրակարգի բոլոր հարցերի բացարձակապես բաց եւ շահագրգիռ քննարկում: ՀՀ նախագահի բացման խոսքից հետո նիստում ելույթ է ունեցել ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բերգհոֆերը:
Նա կարեւորել է ՕՍԱՐՏ-ի առաքելության աշխատանքը՝ նշելով, որ այն, ինչ արտացոլված էր առաքելության հաշվետվության մեջ՝ շատ դրական էր: Լավ աշխատանքի եւ նման արդյունքների հասնելու համար, ըստ Ադոլֆ Բերգհոֆերի, պետք է շնորհավորել ՀԱԷԿ-ին եւ ՀՀ կառավարութանը. «Ես կարծում եմ, որ մենք մեծ քայլ ենք արել առաջ: Գոյություն ունեցող ատոմային կայանների շարքում ՀԱԷԿ-ն այսօր պատվավոր գործընկեր է համարվում: Կարծում եմ, մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա»,-ասել է ԱԷԱԽ գերմանացի նախագահը՝ իր խոսքում անդրառանալով ՀԱԷԿ-ի հետագա շահագործման, նոր կայանի կառուցման հետ կապված հարցերին եւս:




























